Արթուր Նազարյան. Բոլոր նախադրյալներն ունենք, որ ավելի բարձր դասի մեջ մտնենք
Բասկետբոլի հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի ղեկավարությամբ օրեր առաջ Հոնգ Կոնգում մասնակցել են ՖԻԲԱ-ի համաշխարհային կոնգրեսին: ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում Արթուր Նազարյանը պատմեց ՖԻԲԱ-ի կանոնադրության որոշ փոփոխությունների, աշխատանքային ծրագրերի եւ Հայաստանին առնչվող թեմաների մասին:
- Ի՞նչ թեմաներ են քննարկվել կոնգրեսի ընթացքում եւ ի՞նչ փոփոխություններ են կատարվել ՖԻԲԱ-ի կանոնակարգում:
- Կոնգրեսին մասնակցում էին ՖԻԲԱ-ի անդամ 140-ից ավելի երկրներ, այդ թվում Հայաստանը: ՖԻԲԱ-ի ղեկավարությունը ցանկանում էր որոշ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ: Գլխավորն այն էր, որ կանայք իրավունք կունենան հանդես գալ գլխաշորով: Մի շարք երկրներում այսպիսի խնդիր կար:
Ստեղծվել էին աշխատանքային խմբեր, Հայաստանը եվրոպական գոտում էր: Խմբերում քննարկվում էր ազգային հավաքականների նոր մրցակարգը, որով խաղալու ենք ամբողջ տարվա ընթացքում: Մինչեւ այս, ընտրական փուլերն անցկացվում էին մոտ 18 օրվա ընթացքում, իսկ այժմ` տարվա կտրվածքով:
Հիմա ՖԻԲԱ-ն փորձում է հասկանալ` որքանով դա կհաջողվի, հատկապես այն երկրներին, որոնք առաջին անգամ են միջազգային կարգի խաղեր անցկացնելու: Նման երկրներից մեկն էլ Հայաստանն է: Պետք էր հասկանալ` ինչ հնարավորություններ ունեն ֆեդերացիաները: Կաշխատենք բարձր մակարդակով անցկացնել հանդիպումները եւ հնարավորինս շատ օգուտ քաղել:
- Այդ փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի հավաքականի վրա:
- Փոփոխությունը կնպաստի բասկետբոլի մասսայականացմանը, քանի որ ազգային հավաքականի դերը շատ մեծ է: Մենք խաղալու ենք նախնական ընտրական փուլում, եւ, եթե հաջողվի խմբից դուրս գալ` կխաղանք հիմնական ընտրական փուլում: Եթե չանցնենք, ապա դուրս մնացած թիմերի հետ կխաղանք B դիվիզիոնում: Կարեւորը, որ տարվա ընթացքում մի քանի անգամ տանը միջազգային խաղեր կունենանք:
- Հայաստանի հավաքականին վերաբերող ի՞նչ թեմաներ քննարկվեցին:
- Խոսեցինք տարբեր երկրներում բասկետբոլի կարգավիճակի մասին: Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջընթաց ունեցող երկրների թվում է: Չորս դասի երկիր կա` A, B, C, D: Մենք C դասի մեջ ենք` մեկ կարգ բարձր: Դա հավաքականների շնորհիվ է: Մենք բոլոր նախադրյալներն ունենք, որ ավելի բարձր դասի մեջ մտնենք, ինչը լուրջ արդյունք կլինի: A եւ B դասերում բասկետբոլային երկրներն են:
Այս տարի ամռանը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնի վեց հավաքական (4 տղամարդկանց եւ 2 կանանց): Տարիքային վեց թիմ ունենալը շատ լուրջ արդյունք է, ըստ այդմ մենք համարվում ենք դինամիկ զարգացող երկիր: Օրինակ, 2011 թվականին Հայաստանն ընդամենը մեկ տարիքային հավաքական է ունեցել Եվրոպայի առաջնություններում: Այսքանով ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակվել: Փորձելու ենք առաջ գնալ: Պետք է ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնել, որ կարողանանք կայուն առաջընթաց ապահովել:
Մեր պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների հետ: Խոսեցինք համագործակցության, ընկերական հանդիպումներ կազմակերպելու մասին: Հիմա գործն ավելի հեշտացել է, քանի որ Հայաստանի հավաքականի մասին տեղեկացված են եւ ընդունում են որպես լուրջ մրցակից:
- Հայաստանում որտե՞ղ են անցկացվելու խաղերը:
- Նախըտնրական առաջին փուլում խաղերը կանցկացնենք «Միկա» մարզահամալիրում, բայց հիմնական փուլ անցնելու դեպքում այնտեղ չենք կարող խաղալ, քանի որ ՖԻԲԱ-ն պահանջում է 3000-ից ավել նստատեղ ունեցող մարզադահլիճ: Նման հնարավորություն ունի միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք համալիրում: Սա եւս լուրջ հարց է: Կարծում եմ` կկարողանանք արդյունքի հասնել: Այլ տարբերակ չունենք:
Մայիսի 19-ին Բեռլինում կմասնակցենք ՖԻԲԱ-Եվրոպայի կոնգրեսին: Այստեղ եւս կշարունակվեն քննարկումները եւ կամփոփվեն նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները:
Լուսանկարը` Արթուր Նազարյանի անձնական արխիվից