Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է մայիսի 16-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման լուրը: Այս մասին գրում է ռուսական «РИА новости» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը պատրաստվում են քննարկել հակաահաբեկչական պայքարը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի: