Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ աշխատակիցներ են կալանավորվել
ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ: ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, վերջիններս կալանավորվել են:
Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյաները մի շարք անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրված միրգ-բանջարեղենը պատշաճ զննության չենթարկելու համար վերջիններից կաշառք են ստացել:
Մասնավորապես, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետ Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառք են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր: Հիշյալ ձեռնարկատերերն այնուհետև առանց հայտարարագրման ներկրված ապրանքն իրացրել են տեղական շուկայում:
Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Հ. Դ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Ադրբեջանական խնձորի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
- Վարչապետ. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 300 կիլո խնձորով ես զբաղվեմ
- ՀՔԾ-ն ադրբեջանական խնձորի գործով մանրամասներ է հրապարակել
- Ադրբեջանական խնձորի քրգործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին
- ՍԱՊԾ. Արդրբեջանական խնձորների փորձաքննությունն ավարտվել է
- Արամ Սարգսյան. Ադրբեջանական խնձորի գործով պետք է բացահայտվի մեղավորների ամբողջ շղթան
- ՊԵԿ. Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
- ԱԱԾ.Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել. News.am
- «Ինչու՞ հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր վաճառելու փաստով հարուցված չէ քրգործ»
- ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին
- Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորով ֆոկուս արեց