Հստակ գիտենք մեր անելիքները, հստակ գիտենք մեր քաղաքացու պահանջը. Տարոն Մարգարյանը՝ ջրվեժցիներին
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպեց Ջրվեժի բնակիչների հետ:
Դիմելով ջրվեժցիներին` նա հիշեցրեց, որ իրենք 4 տարի առաջ հանդես են եկել «Ավելի լավ Երևան» ծրագրով, ու այսօր կարող են ասել, որ ավելի լավ Երևան ունենք: «Բայց դա չի նշանակում, որ Երևանում խնդիրներ չկան: Դեռ բազում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Եվ վստահաբար կարող ենք ասել` այն թիմը, որն այս տարիների ընթացքում Երևանում աշխատանքներ է կազմակերպել, որն օր ու գիշեր սրտացավ աշխատել է ու ծառայել է երևանցուն, այսօր ներկայացնում է իր նոր՝ հնգամյա ծրագիրը»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ իրենք հանդես են գալիս հստակ, իրատեսական ու հավակնոտ ծրագրով:
Ներկայացնելով առկա խնդիրները՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ այսօր ունենք քաղաքային տրանսպորտի, համատիրությունների կառավարման, բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանման, կանաչ տարածքների ավելացման խնդիրներ, ինչպես նաև բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման խնդիրներ: «Մենք չորս տարիների ընթացքում այս բոլոր ուղղություններով հնարավորինս աշխատանքներ կատարել ենք, սակայն լսելով մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը, դրանք ներառել ենք մեր ծրագրում: Մենք համոզված ենք, որ կարող ենք ձեր վստահությամբ կյանքի կոչել այդ ծրագրերը»,- ընդգծեց նա:
Ըստ Տարոն Մարգարյանի՝ իրենք կարող են խոստումներ տալ, սակայն իրենք գործի մարդ են` աշխատում են, բայց քիչ խոսում: «Հստակ գիտենք մեր անելիքները, հստակ գիտենք մեր քաղաքացու պահանջը»,- նշեց նա: