Արքայախնձորը՝ արտ-օբյեկտ
Շոտլանդիայում ուսանողները 1 ֆունտով խանութից գնել են արքայախնձոր և տարել ժամանակակից արվեստի ցուցահանդես, որը տեղի էր ունենում համալսարանում: Նրանք միրգը թողել են դատարկ սեղանի վրա, իսկ հետո հայտնաբերել են ապակու տակ՝ որպես ցուցանմուշ:
Նյուզու.քոմ-ը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի երկու ուսանող տեսնելով սեղանին դրված արքայախնձորը, որոշել են ներկայացնել որպես արտ-օբյեկտ:
«Ես տեսա դատարկ տաղավարը և որոշեցի տեսնել, թե ինչքան երկար արքայախնձորն այնտեղ կմնա, արդյո՞ք կընդունեն այն որպես արվեստի գործ»,- ասել է հեղինակներից Գրեյը:
Ցուցահանդեսի համադրող Նատալի Քերրը նշել է, որ իրենք տասը րոպեով հեռացել են ցուցասրահից, իսկ երբ վերադարձել են, արքայախնձորը գտնվել է ապակե տաղավարում:
«Մենք որոշեցինք արքայախնձորը պահել այնտեղ, քանի որ համընկնում է մեր ցուցահանդեսի ոգուն»,- ասել է նա:
Աղբյուրը նաև հիշեցրել է Սան-Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի 17-ամյա այցելուի այն քայլը, որ նա ակնոց էր թողել թանգարանի հատակին: Այդպես երիտասարդը մտադիր էր ստուգել տեսությունն այն մասին, որ մարդիկ ցուցասրահում ցանկացած օբյեկտ մեկնաբանում են որպես արտ-օբյեկտ: Այդ դեպքում այցելուները հետաքրքրվել էին ակնոցով և սկսել լուսանկարել: