«Խոստումը» ֆիլմը կցուցադրվի Շվեդիայի կինոթատրոններում
«Խոստումը» ֆիլմը մայիսի 19-ից ցուցադրվելու է Շվեդիայի կինոթատրոններում։ Հայտնում են Շվեդիայում Հայաստանի դեսպանությունից: Մինչ այդ, Հաղթանակի տոնին Ստոկհոլմի պատմական «Գրանդ» կինոթատրոնի լեփ լեցուն դահլիճում տեղի է ունեցել ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:
Պրեմիերային ներկա էին մի քանի տասնյակ դեսպաններ և պատգամավորներ, բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, ցեղասպանագետներ, Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ է ունեցել շվեդ հայտնի կինոռեժիսոր Պեո Հոլմքվիստը, որի «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական ֆիլմը 1989թ. արժանացել էր Շվեդիայի կինոակադեմիայի բարձրագույն՝ Գյուլդբագե մրցանակի։
Դեսպան Արտակ Ապիտոնյանն շնորհակալություն է հայտնել շվեդ այն քաղաքական գործիչներին, գիտնականներին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք տասնամյակներ շարունակ իրենց անուրանալի ավանդն են ներդրել Շվեդիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման և շվեդ հանրությանն իրազեկման գործում։