«Web Ծիրան»-ի բոլոր ֆիլմերը webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության տիրույթում են
«Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված բոլոր 21 ֆիլմերն արդեն webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության տիրույթում են և պատրաստ դիտելու: Այս մասին տեղեկանում ենք առցանց կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից:
Ներկայացված ֆիլմերն են՝ ռեժիսոր Օնիկ Հովհաննիսյանի «Ական», Նաիրա Մուրադյանի «Բալետ», Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը», Անժելա Բադալյանի «Դուռը», Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց... », Մանե Սերգոյանի «Ընտրություն», Ֆիլիպ Պողոսյանի «Կառլ», «Կոմիտաս 14» (ըստ Պարույր Սանթրոսյանի համանուն պատմվածքի), Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող», Անժելա Ֆրանգյանի «Ճանապարհ», Էդուարդ Հովակիմյանի «Մեկ փամփուշտ», Նվեր Հովհաննիսյանի «Մետամորֆոզ», Հովհաննես Ղազարյանի «Շղթա», Օֆելյա Հարությունյանի «Շրջանակ», Անի Հակոբյանի «Շրջապտույտ», Նվեր Հովհաննիսյանի «Պակասություն», հեղինակ Վարուժան Գալտակյանի «Սիրուն Արուս», «Հայկ» կինոստուդիայի «Ստամբուլի աչքը», Վիկտոր Զատիկյանի «Վաղը չէ, մյուս օրը», Մհեր Խուդոյանի «Վարպետը և հետնորդները», Նիկոլայ Դավթյանի «Քարկտիկ»:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ վեցերորդ անգամ անցկացվում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնը:
Ինչպես նախորդ հինգ փառատոնի ընթացքում, այս անգամ ևս գլխավոր մրցանակը սահմանել է «WEB ԾԻՐԱՆ»-ի անփոփոխ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով: Այս տարի առաջին անգամ, որպես փառատոնի աջակից, «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանցին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով հատուկ մրցանակ (300.000) ՀՀ դրամ և հատուկ դիպլոմ:
Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:
Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթցքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն: Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են մինչև մայիսի 20-ը՝ բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:
«Web Ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2017 թ. մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: