Արցախում նախորդ տարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 152, 707 դրամ
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը խորհրդարանի պատգամավորներին, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,-հայտնում է ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 230 մլրդ դրամ՝ 2015թ.-ի նկատմամբ արձանագրելով 9,2%-ի աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59 մլդ դրամ, աճելով է 9,7%-ով:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունը գրեթե հավասար է եղել ծախսվող Էլեկտրաէներգիայի քանակին: Արտադրվել է 296,4մլն կվտ.ժ, ծախսվել՝ 299 մլն կվտ.ժ:
Միջին ամսական աշխատավարձը կազմել է 152, 707 դրամ, որը 1,1%-ով ավել է 2015թ.-ի ցուցանիշից:
2016թ.-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 33 մլրդ 711,1մլն դրամ, ինչը 2015թ.-ի համեմատ նվազել է 725,3 մլն-ով: Ֆինանսների նախարարը նվազումը պայմանավորել է 2016թ. ապրիլյան պատերազմով:
Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84 մլդ 670 մլն դրամ: Հաշվետու տարվան նախորդող տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 1մլդ 562,7 մլն դրամով: Դեֆիցիտը կազմել է 3 մլդ 692,4մլն դրամ:
Բյուջեի կատարողականի մասին պարզաբանումներ է տվել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ չնայած ապրիլյան պատերազմի պատճառած վնասներին՝ այնուամենայնիվ, տնտեսությունը չի հայտնվել ֆորս-մաժորային իրավիճակում:
Արայիկ Հարությունյանը 2016-ի հաջողություններից է համարել տնտեսության դիվերսիֆիկացիան և էներգետիկայի ասպարեզում արտադրության աճը:
2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում