Առաջին եռամսյակում գինու արտադրության ծավալներն աճել են
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 967.7 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.5 տոկոսով: Նշենք, որ 2016թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 441.3 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 14.7%-ով` կազմելով 97.7 հազար լիտր:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 422.5 հազար լիտր վիսկի, ինչը 2016թ-ի հունվար-մարտի համեմատ աճել է 7.2%-ով:
Նշված ժամանակահատվածում ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-մարտին արտադրվել է 2 710.5 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 5.5%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 1 088.8 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 47%-ով (2016-ի հունվար-մարտին արտադրվել է 2 053.3 հազար լիտր օղի):