Արմեն Նազարյան. Առջևում երեք կարևոր միջազգային մրցաշարեր են
Մայիսի 13-14-ը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում կանցկացվի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության փուլը, որին Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
«10 ձյուդոիստների մեջ է նաև Սոսե Բալասանյանը (52 կգ): Եվրոպայի գավաթից հետո թիմը հավաք կանցկացնի Օրենբուրգում: Այնուհետև Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) կմեկնեն ռուսական Եկատերինբուրգ, որտեղ կմասնակցեն «Մեծ Սաղավարտի» խաղարկությանը (մայիսի 20-21-ը):
Առջևում երեք կարևոր միջազգային մրցաշարեր ունենք` աշխարհի առաջնությունը (Բուդապեշտ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը), ամառային Ունիվերսիադան (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը (Չեռնոգորիա, նոյեմբերի 10-ից 12-ը):
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ֆերդինանդ Կարապետյանն ու Անդրանիկ Չափարյանը:
Հնարավոր է երրորդ մարզիկի մասնակցությունը: Դա պարզ կլինի մոտակա հավաքների և մրցումների արդյունքում: Ունիվերսիադային նախատեսում ենք ևս երեք ձյուդոիստի հայտ ներկայացնել: Մնացածները հանդես կգան մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,-ասել է Արմեն Նազարյանը: