«Անտառի հերն անիծում են». Կարեն Կարապետյան
«Այսօրվա դրությամբ Սևանի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում։ Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել»,- այս մասին զեկուցել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն՝ այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին։
«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան