Վարչապետը՝ հանձնարարականների պատշաճ կատարման մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գործադիրի այսօրվա նիստում հնչեցրած հանձնարարականներից մեկը կառավարության և հանրապետական գործադիր մարմիների գործունեության կազմակերպման թերությունների վերաբերյալ էր:
«Այս տարվա հունվարի 17-ին ներկայացվել էր հանձնարարական կառավարության նիստին ներկայացվող հարցերը Հայաստանի օրենսդրության պահանջներին ամբողջությամբ պահպանելու և նիստին տրված հանձնարարականները պատշաճ և սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ: Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել»,- նշեց վարչապետը:
Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիների ղեկավարներին կառավարության նիստերի քննարկմանը ենթակա իրավական ակտերի նախագծերը կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում խստորեն պահպանել տրված ժամկետները:
«Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ժամանակ ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից, իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացնել պատշաճ որակով: Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակայություն»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց սահմանել խիստ վերահսկողություն նշված գործողությունների կատարման և կառավարության աշխատակազմի պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ, դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել իրեն:
Վարչապետը նաև ասաց, որ ներկայացվել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների ամփոփ ցանկն ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Նա նշեց, որ մայիսի 13-ին կազմակերպվելու է համապատասխան խորհրդակցություն՝ ներկայացնելու տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները, խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադառնալ նաև ցանկում ներառված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքին՝ առաջարկելով լսել կատարման վերաբերյալ 2-3 նախարարությունների հակիրճ հաշվետվություն:
«Վաղը մենք ամբողջ նյութը կուղարկենք հանձնարարականների կատարման, որակի վերաբերյալ, ինչպես նաև կներկայացնենք այդ մեծ ցանկը, որտեղ մենք, բացի հանձնարարականներից, ներկայացրել ենք խոշոր ծրագրերը, մեծ պրոյեկտները, որոնց նկատմամբ հատուկ հսկողություն ենք սահմանելու մեր կենտրոնական ապարատի կողմից»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան