Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Մայիսի 5-ից մեկնարկել է 2017-18 ուսումնական տարվա բակալավրիատի դիմորդների դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլը, որը կտևի մինչև հունիսի 1-ը։ Այս փուլում դիմում են դպրոցների այս տարվա և նախորդ տարվա շրջանավարտները։ Դիմում հայտերի ընդունելության երկրորդ փուլը կսկսվի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայող դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող մեր քաղաքացիները։
«Դիմորդների ակտիվության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այսօրվա դրությամբ նրանց դեռ 4-5 տոկոսն է, որը հանձնել են գործերը։ Որպես կանոն, առաջին տասը օրից հետո նոր սկսում են ակտիվանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
Նա նշեց, որ անցած տարվա համեմատ՝ այս տարի միասնական համակարգով ԳԹԿ-ում հայտագրված դիմորդների թիվը նվազել է 1600-ով. «Այս տարի այդ թիվը 9073 է, իսկ Արցախի հետ միասին 9800, դա զգալի թիվ է, որը բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաև բուհերի դիմորդների թվի վրա։ 2018 թվականին ավելի վատ վիճակ պետք է ունենանք, այստեղ կրկնակի և ավելի կպակասի դիմորդների թիվը, քանի որ տարիներ առաջ տարբեր տարիքային խմբերի` 6-7 տարեկան երեխաները միևնույն տարում գնացին դպրոց»։
Վաչագան Գալստյանը տեղեկացրեց՝ այն ութ տասնյակ բուհերը, որոնք մասնակցում են միասնական քննություններով ընդունելությանը, այստեղ անվճար ու վճարովի տեղերի թիվը 20 հազար է։
«Տեղերը հսկայական են, բոլոր դիմորդները դրական գնահատականներով կընդունվեն։ ԵՊՀ-ն այս տարի ունի 368 անվճար և բանակի տարկետման իրավունքով տեղեր, որից 35-ը բանակից զորացրվածների համար, 5-ը՝ նպատակային։ Իսկ վճարովին՝ առանց տարկետման իրավունքի, 3 հազար է։ Այս տարի նաև ունենք ՀՀ պաշտպանության նախարարության համար հատկացված 18 անվճար տեղ, որոնք ռադիոֆիզիկա, տնտեսագիտություն, ֆինանսներ, հոգեբանություն, իրանագիտություն, թուրքագիտություն մասնագիտությունների համար են։ Այս մասնագիտություններով ընդունվածներն ավարտելուց հետո հինգ տարով պայմանագիր կկնքեն ՊՆ հետ և որպես սպա կծառայեն»,- մանրամասնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։
Ինչ վերաբերում է ուսման վարձերին՝ նա ասաց, որ ԵՊՀ-ում այս տարի ուսման վարձերը չեն թանկացել, մնացել են նույնը։
Վաչագան Գալստյանը հավելեց, որ պահանջված մասնագիտությունների մասով ևս զգալի փոփոխություններ չեն եղել, շարունակում են առաջին տեղերում մնալ իրավագիտությունը, միջազգային հարաբերությւոնները, իսկ հայ բանասիրությունը, լրագրությունը, անգլերենը պահպանում են ստաբիլությունը. «Ամենապասիվներից են ֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետի որոշ թևերի մասնագիտություններ, ինչպես նաև ռուս բանասիրությունը, սա կապված է նաև շուկայում առկա առաջարկ-պահանջարկից»։
Բանախոսը մեկ դիտարկում ևս ավելացրեց, որ ընդունելության դաշտն, այնուամենայնիվ, հանրապետությունում միասնական չէ։
«Օրինակ՝ Ամերիկյան համալսարանը տարվա ընթացքում մի քանի անգամ առանձին կազմակերպում է իր ընդունելությունը, Սլավոնական համալսարանը և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը նույնպես կազմակերպում են առանձին ընդունելություն իրենց նախապատրաստական կուրսերից։ Մնացած բուհերը նոր ընդհանուր դաշտում են անցկացնում, դաշտը հավասար մրցակցային չէ, և տուժում են մեր ՀՀ պետական բուհերը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան