Վերապատրաստման նպատակով ՀՀ թանգարանների մասնագետները կայցելեն Ռումինիա և Գերմանիա
Թանգարանային կրթության կենտրոնի և Ռումինիայի ազգային թանգարանների ցանցի միջև 2016թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 17-22-ը Արամ Խաչատրյան տուն-թանգարանից և Հայաստանի Ազգային պատկերասրահից 2 մասնագետ կգործուղվեն Բուխարեստ, որտեղ նրանք ընդգրկվելու են Ռումինիայում կազմակերպվող համաեվրոպական թանգարանների գիշեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը:
Նա նշեց, որ Ռումինիան 2009թ. Թանգարանների գիշեր միջոցառումների կազմակերպման համար ստացել է «Լավագույն փորձ» գնահատականը, շատ լավ աշխատում են բոլոր շահառուների հետ. «Ավտոբուսները, առանձին տաքսի ծառայություններն անվճար սպասարկում են համայնքին, որ գիշերը կայանա ու հաջող անցի: Փորձելու ենք այդ բիզնես մոդելը բերել Հայաստան, հասկանալ՝ ինչքանով հնարավոր կլինի տեղայնացնել Հայաստանում»:
Հ. Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ Թանգարանային կրթության կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երևանյան և մարզային (Գյումրի, Վանաձոր) թանգարաններից ընտրված 12 մասնագետ հուլիսի 4-10-ը վերապատրաստման դասընթաց կանցնեն Գերմանիայի թանգարաններում: Նրա ներկայացմամբ, ուսումնական այցի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, կամավորների ներգրավման լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, կազմել և զարգացնել համատեղ նոր նախագծեր։ Ուսումնական այցը բաղկացած է լինելու տեսական և գործնական պարապմունքներից, մասնավորապես՝ եռօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների և դասավանդող մասնագետների ընտրությունը իրականացնելու և համակարգելու է Գերմանական թանգարանների ասոցիացիան:
Նա նշեց, որ Թանգարանային կրթության կենտրոնը նման ծրագրերին մասնակցելու համար հայտարարություն է տարածքում, ուղարկում է բոլոր թանգարանների էլեկտրոնային հասցներին, սահմանված ժամկետներում ցանկացողները դիմում են ծրագրերին մասնակցելու համար: Կենտրոնի խորհուրդն ընտրություն է կատարում՝ հաշվի առնելով կոնկրետ մի քանի չափանիշներ:
2014թ. Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան գրասենյակի (ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ) ջանքերով հիմնադրվել է Թանգարանային կրթության կենտրոնը, որը նպատակ ունի մասագիտական վերապատրաստումների ճանապարհով նպաստել թանգարանային կրթության մասնագետների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հիմնադրումից ի վեր Թանգարանային կրթության կենտրոնը համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ամստերդամի թանգարանների հիմնադրամը, Եվրոպական թանգարանների ցանցը, Բրիտանական թանգարանը, Մանչեսթերի պատկերասրահը և այլ կազմակերպություններ: