Վարչապետ. Դպրոցներում բացառել երկրորդ հերթը
Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ կադրեր, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ հանրակրթության, միջնակարգ ու բարձրագույն կրթության համակարգում»,-ասաց կառավարության ղեկավարը:
Հաշվի առնելով դրանք, նա հանձնարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ:
Նրա խոսքով, առաջարկությունները ներկայացնելիս պետք է հաշվի առնվեն ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունն ու դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման երկրորդ հերթի բացառումը:
Վարչապետն ասաց, ֆինանսների նախարարությանը պետք է ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդարացի բաշխումը:
«Մեկ ամսյա ժամկետում կառավարության ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների ու օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը: Երկուամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել բարձրագույն կրթության մասին օրինագիծը, չորսամսյա ժամկետում մշակել ուսանողների սոցիալական աջակցության ու կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ»,-հանձնարարությունները շարադրեց գործադիրի ղեկավարը:
Պետք է ուսումնասիրվեն նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների վիճակն ու ներկայացվեն դրանց խոշորացման առաջարկություններ:
Վարչապետի երկրորդ հանձնարարականը բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու ու դրա արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ է: Բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների գնահատման հայեցակարգը պետք է կառավարություն ներկայացվի երեքամսյա ժամկետում, դրա հետ պետք է ներկայացվեն ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց. «Հաշվի առնելով մեր կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերները՝ բուհ-տնտեսություն կապը ապահովելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան