Թեհրանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը
Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում բացվել է Հայաստանի անկախության հռչակման 25-ամյա տարեդարձին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը,-տեղեկացնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը:
Վերջիններս ներկայացվում են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով: Ավելի քան 160 լուսանկար ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը 2016 թ. առաջին անգամ ներկայացվել է Երևանում, ապա Լոս Անջելեսում և Փարիզում:
Ընթացիկ տարում ցուցահանդեսը կկազմակերպվի նաև Մոսկվայում (Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում), իսկ Թեհրանի ցուցահանդեսից հետո այն կներկայացվի Բեյրութում՝ հունիսի սկզբին: