Ավագ Հարությունյան. Ռուսական ակցիզը հերն անիծում է
Ռուսաստանում ներկրվող գինու համար ակցիզային հարկի բարձրացումը վատ ազդեցություն կունենա Հայաստանից Ռուսաստան գինու արտահանման վրա: Panorama.am-ի հետ զրույցում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ հայ արտադրողներից գինի գնող ռուսական ընկերություններն անհանգստացած են:
«Ռուսական ակցիզը հերն անիծում է: Մենք խոսել ենք ռուս ներկրողների հետ: Նրանք ասել են՝ պատրաստվում են ըմբոստանալ, համակարգել իրենց պայքարը, փորձելու են հասնել այն բանին, որ որոշման իրականացումը հետաձգվի, կամ պետության կողմից ինչ-որ կոմպենսացիա լինի, մտադիր են դիմել նաև դումա»,-ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ստացած ինֆորմացիան ներկայացրեց միության նախագահը:
Մինչ այդ էլ ռուսական ընկերությունները քայլեր են ձեռնարկել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել: Միության հաշվարկով, առաջիկա 5-6 ամիսներին արտահանման ծավալը 15-20 տոկոսով կնվազի, սակայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ակնկալվող մեծ աճի շնորհիվ կկոմպենսացվի:
Հարությունյանն ասաց, այս պահի դրությամբ հայ արտադրողների հետ կնքված կամ նախատեսված որևէ գործարք, պայմանավորվածություն չեղյալ չի համարվել:
«Ստեղծված իրավիճակում ավելի շատ տուժելու է ռուս սպառողը, քանի որ գինին նրանց համար թանկանալու է: Հայ արտադրողը Հայաստանից Ռուսաստան արտահանում է միջինը 3 դոլար արժողությամբ գինի, հայկական կողմը սրանից ավելի չի էժանացնելու: Չեմ կարծում, ավելի քիչ կսկսեն գնել: Դա մեկ մլրդ շիշ կարողությամբ շուկա է, այդ մեկ մլրդի մեջ մենք ընդամենը երկու մլն տեղ ունենք »,-ասաց Հարությունյանը:
Միության նախագահի տվյալներով, նախորդ տարի 2015-ի համեմատ Հայաստանից Ռուսաստան 30 տոկոսով ավելի շատ գինի է արտահանվել, նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում 2016-ի համեմատ կգրանցվի մինչև 50 տոկոս աճ:
«Գինի արտադրողները սկսել են լավ աշխատել: Որակը սկսել է բարձրանալ, որակն այն չէ, ինչ 5 տարի առաջ էր: Շատ լուրջ ու ամբիցիոզ արտադրողներ կան շուկայում: Հիմա մեր գինին ամենա-ամենալավն է Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային երկրների տարածքում, շատ փոխվել է»,-ասաց նա:
Միության նախագահն ասաց, ճիշտ է՝ հարևան Վրաստանը Հայաստանից ավելի քան 10 անգամ շատ գինի է արտահանում, բայց վրացական գինին որակով զիջում է հայկականին:
«Այժմ ծախվում է ոչ թե վրացական գինին, այլ վրացական գինու երբեմնի փառքը, բրենդը: Այսօր հայկական գինին շատ ավելի լավն է, քան վրացականը: Վրացական գինու փառքն այլևս անցյալ է»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը սահմանել է, որ փրփրուն գինու մեկ լիտրի համար նախատեսված ակցիազային հարկի չափը եղել է 13 ռուբլի, հիմա այն ավելացել է մինչև 14 ռուբլիով, մյուսների դեպքում 18-36 ռուբլիով: Սա հարուցել էր գինի ներկրող ընկերությունների վրդովմունքը, նրանք հայտարարել էին, որ այդ պայմաններում ընկերությունների 80 տոկոսը ստիպված կհեռանա շուկայից:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստան գինի ներկրողների 80 տոկոսը կարող է հեռանալ
- Արգենտինայի դեսպանը սովորում է հայերի պես պերճախոս կենացներ ասել
- Հայկական գինիները կներկայացվեն PROWEIN 2017 ցուցահանդեսին
- Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
- Կարոլինա Կոստներ. «Լավ գինին պահանջում է համբերություն»
- 2013-ից նվազում է արտասահմանյան գինիների սպառումը Հայաստանում. Ավագ Հարությունյան