Մարկարովը՝ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին
Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումով բոլորը հայտնվում են պարտվողի դերում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Երևանում գործող ԵԱՀԿ գրասենյակը հայտնվեց այն վիճակում, երբ Ադրբեջանը խաղաց ոչ թե «Վին-վին» տարբերակով, այլ այն, որ բոլորը հայտնվեցին պարտվողների դերում: ԵԱՀԿ-ն որպես միջազգային կամակերպություն չկարողացավ պաշտպանել սեփական շահերը: Հասկանալի է, որ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում իրականացնում էր մի շարք ծրագրեր, որոնք վերաբում էին մարդու իրավունքների խնդիրների պաշտպանությանը, ժողովրդավարության զարգացմանը, որոնցից օգտվում էին ինչպես պետական կառույցները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները: ԵԱՀԿ-ն իրականացնում էր բավականին լայն գործունեության նաև կրթական ծրագրերի շրջանակներում: Տվյալ պարագայում ԵԱՀԿ-ն ինքը շահագրգռված էր որպես կազմակերպություն հանդես գալ կամ ունենալ սեփական ներկայացուցչությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասում: Այսինքն ԵԱՀԿ-ն տվյալ պարագայում պարտվեց որպես միջազգային կազմակերպություն, զոհ գնաց մեկ անդամի գործունեությանը, որի արժեքային համակարգը բացարձակապես չէր համապատասխանում այն կազմակերպության արժեքներին, որին անդամակցում է տվյալ երկիրը»,-մանրամասնեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ պարտվողի դերում է նաև Հայաստանը, քանի որ զրկվեց որոշակի ծրագրերի իրականացման հնարավորությունից. «Բնականաբար, պարտվողի դերում հայտնվում է նույն Ադրբեջանը, որի պահվածքը տվյալ պարագայում մեկ անգամ ևս ապացուցեց, որ երկիրն ի վիճակի չէ խաղալ կազմակերպության խաղի կանոններով: Ադրբեջանի ստացած կորուստներն ավելի մեծ են, քան թվացյալ ձեռքբերումները»:
Ամփոփելով ասուլիսը, Մարկարովն ասաց՝ անհրաժեշտ է իրականացնել գործողություններ, որոնք պետք է դադարեցնեն տարբեր պետությունների ներգրավվածությունը կամ ազդեցությունը այն միջազգային կազմակերպությունների վրա, որոնց արժեքային համակարգին չի համապատասխանում այս կամ այն պետության պահվածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան