Յոթ արժեքների վրա հիմնված Հայ-Ռուսական համալսարանը նշում է իր 20-ամյակը
Արդեն 20 տարեկան Հայ-Ռուսական համալսարանն այսօր իր ուրույն տեղն է զբաղեցնում հանրապետության կրթական, գիտական և մշակութային ոլորտում։ Հոբելյանի առթիվ բուհը հանդիպում էր կազմակերպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի, շրջանավարտների, ներակայիս ուսանողների համար։
«Հայ-ռուսական համալսարանը ձևավորվել և ապրում է յոթ սկզբունքների շուրջ՝ ակադեմիական ազատություն, սեր, արդարություն, համերաշխություն, ստեղծագործություն, արժանապատվություն, իմացություն ու անհատականության զարգացում։ Մենք այսօր սկիզբ ենք դնում մեր հոբելյանական միջոցառումներին, որոնք ուղղված են լինելու այս արժեքների տարածմանը։ Այս 20 տարին համարում ենք հաջողության պատմություն, որի արտահայտությունը և հիմանական արդյունքը մեր շրջանավարտներն են, մեր հրաշալի երիտասարդները»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
Ռեկտորը նշեց, որ ցանկանում են այսօրվա հանդիպումով և հետագայում իրականացվելիք միջոցառումներով փաստել, որ Հայաստանում կարելի է ստեղծել հաջողության պատմություն, լինել երջանիկ, հանդես գալ ապագային միտված ծրագրերով, աշխատել ու տեսնել արդյունքները։
Հայ-Ռուսական համալսարանն այս տարիների ընթացքում ունեցել է 7 հազարից ավելի շրջանավարտ։ Այսօր բուհի ուսանողների թիվը գերազանցում է 3 հազարը, որոնց շուրջ 30 տոկոսը դրսից ժամանած ուսանողներ են։
«Նրանք հիմնականում հայաստանյան սփյուռքի ներկայացուցիչներն են։ Մենք երևի միակ բուհն ենք, որը մարդկանց վերադարձնում ենք երկիր, խրախուսում ու ստեղծում վերադարձի ճանապարհ»,- հավելեց Դարբինյանը։
Հանդիպման ընթացքում բուհի շրջանավարտները ներկայացրեցին համալսարանում իրենց անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը։
ՀՌՀ իրավաբանական ֆակուլտետի 2011 թվականի շրջանավարտ Լիլիթ Երեմյանը պատմեց, որ համալսարանում ուսանելու տարիներին գտել է իր անհատական, մասնագիտական և ստեղծագործական զարգացման բանաձևը. «Պետք է միշտ համեմատես քեզ միայն քեզ հետ, բայց անցյալ ժամանակում, մշտապես մրցակցես քեզ հետ ժամանակի ընթացքում»։
Նույն ֆակուլտետի 2007 թվականի շրջանավարտ Խաչատուր Օքսուզյանի խոսքով՝ բուհի արժեքների համակարգում իր համար կարևորագույններից է անհատականության զարգացումը. «Մարդիկ պետք է քարոզեն, որ անհատին անհրաժեշտ է տրամադրել ընտրության ազատություն, որպեսզի նա կարողանա գտնել իր Ես-ը և լուծել այն խնդիրները, որոնք իր առջև դնում է կյանքը»։
Միջոցառմանը տեսակապով միացան նաև այն շրջանավարտները, որոնք այս պահին Հայաստանից դուրս են գտնվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան