Վարչապետ. Պետք է ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ կա
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում գործարար հատվածի ներկայացուցիչների հետ մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ անցկացնումը:
«Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա առանձնացրել է Ենոքավան համայնքը և նշել, որ անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել նման օրինակելի համայնքները, որտեղ կազմակերպվում են լեդ համակարգով լուսավորություն, ժամանակակից աղբահանություն, ճանապարհները վերանորոգվում են մաքսիմալ էֆեկտիվ, ապահովվում է զբաղվածություն, իրականացվում բարձրակարգ կառավարում, ցուցաբերվում տեղական բյուջեի ձևավորման հստակ մոտեցում:
Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարևորել է դրա անցկացումը և պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը: