Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. Արտաշես Խաչատրյան
Ապրիլի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 20-ամյա ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Կոմայից մի քանի օր առաջ է դուրս եկել, սկսել է խոսել, շփվել: Թաթուլը լուրջ վնասվածք է ստացել, փառք Աստծո, նա դուրս եկավ այդ վիճակից»,- նշեց հոսպիտալի փոխտնօրենը:
Արտաշես Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետև՝ Երևան:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան