Այսօր Հայաստանից ոչ ոք չի ակնկալում համաշխարհային աստղերի մասնակցությամբ բլոկբաստերներ. ռեժիսոր Հովհաննես Գալստյան
Հայաստանն արդեն ութ տարի ներկա է Կաննում։ Ազգային կինոկենտրոնի ստենդը 2009թ.-ից գտնվել է Կաննի՝ palais des festivals համալիրի 01 հարկում։ Այս տարի Հայաստանը տեղափոխվել է մերձափնյա տարածք՝ տաղավար վարձակալելով Village International հատվածում, որ նախատեսված է հենց երկրների և խոշոր ընկերությունների համար։
«Սա չափազանց կարևոր որոշում էր Հայաստանի կինոարտադրության համար, որ բխում է հայկական կինոարտադրության և կինոյի պետական կառավարման ոլորտում մշակույթի նախարարության ձեռնարկած բարեփոխումների տրամաբանությունից։ Այդ բարեփոխումների նպատակը կինոյի պետական կառավարման արդյունավետության բաձրացումն է և հայկական կինոյի ինտեգրումը միջազգային կինոպրոցեսներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության համակարգող, ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:
Նրա ներկայացմամբ, բարեփոխումների մյուս կարևոր տարրը պետական աջակցությամբ ստեղծվող կինոնախագծերի աջակցության հասկանալի չափորոշիչների կիրառումն է և այդ գործընթացի թափանցիկությունը։ Հենց այդ պատճառով, Հ. Գալստյանի խոսքով, այս տարի առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարեց Կաննի կինոշուկային մասնակցելու համար կինոնախագծերի մրցույթ։
«Մշակույթի նախարարության կողմից մրցույթի պայմանների մեջ նշվել էր, որ պետական աջակցություն կստանան այն հեղինակները, որոնց նախագծերը ունեն միջազգային գործընկերներ և համաշխարհային շուկայում հայտնվելու պոտենցիալ: Մենք ստացանք 12 հայտ, որոնցից մասնագիտական հանձնաժողովը ընտրեց երեքը։ Մեկ լիամետրաժ խաղարկային նախագիծ՝ երիտասարդ ռեժիսոր Սերգո Ուստյանի «Փոխանակում» ֆիլմը, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ արտադրություն է, մեկ լիամետրաժ խաղարկային-անիմացիոն նախագիծ՝ «Բարս Մեդիա» ընկերության ներկայացրած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը», որը նույնպես միջազգային համաարտադրող ունի և մեկ ոչ խաղարկային՝ կրկին երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» նախագիծը Ֆրանսիայի հետ համատեղ։ Ընտրված բոլոր նախագծերը արդեն անցել էին զարգացման հաջող ճանապարհ և լավագույնս համապատասխանում էին մրցույթի պահանջներին»,- ասաց Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության համակարգողը:
Հարցին, թե առհասարակ, Կաննի կինոշուկան նախապատվությունը ինչպիսի՞ ֆիլմերին է տալիս և ինչպիսի՞ ֆիլմեր է հետաքրքրում արտասահմանյան դիստրիբյուտորներին, Հ. Գալստյանն ասաց. «Դիստրիբյուտորների նախասիրությունները տարբեր են: Աշխարհում ամենահայտնի դիստրիբյուտորական ընկերությունների մոտ 80 տոկոսն ամերիկյան և բրիտանական ընկերություններ են: Հենց նրանք են թելադրում ժամանակակից կինոյի տարածման կանոնները: Խոշոր ընկերությունները, որպես կանոն, պատահական ընտրություն չեն անում և վերցնում են բացառապես շուկայի պահանջներին համապատասխանող ֆիլմեր՝ հայտնի ռեժիսորների, ճանաչված աստղերի մասնակցությամբ։ Կան դիստրիբյուտորներ, ովքեր աշխատում են որոշակի ժանրերում ստեղծվող ֆիլմերի հետ։ Քիչ են, բայց կան այնպիսիները, ովքեր աշխատում են արվեստի ֆիլմերի տարածմամբ։ Հենց վերջիններս մեր ամենաիրատեսական թիրախն են, որովհետև ոչ ոք այսօր Հայաստանից կամ տնտեսապես թույլ զարգացած որևէ այլ երկրից, ասենք՝ հարևան Վրաստանից, չի ակնկալում համաշխարհային աստղերի մասնակցությամբ բլոկբաստերներ: Շատ ավելի գրավիչ է սուղ միջոցներով արված ազնիվ ֆիլմը, որում արտացոլված են մեր հասարակության հիմնահարցերը: Բոլոր դեպքերում շուկայի համար ֆիլմի ճանապարհը բացողը լավ պատմությունն է, գրագետ արտադրության փաթեթը և արտադրող թիմում պրոֆեսիոնալների առկայությունը։ Կինոինդուստրիայում ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներգրավված, սակայն մրցակցությունն այդ ռեսուրսների համար անհավանական մեծ է։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք միջազգային կինոինդուստրիայի մաս կազմելու մտադրությունից։
Հայկական կինոյի մեկուսացվածությունը, լոկալությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ շուկան հեղեղված է տեղական աուդիո-վիզուալ աղբով, որն անգամ հնդկական աուդիո-վիզուալ աղբի հետ մրցակցությանը չի դիմանում։ Ավելի ցած իջնելը վտանգավոր է։ Մենք պետք է հստակ մեխանիզմներ մշակենք, որպեսզի գոնե պետական աջակցությամբ ստեղծվող կինոարտադրանքն իրենից ինչ-որ բան ներկայացնի։ Ու դա պետք է անենք ոչ թե միջազգային դիստրիբյուտորների, այլ հենց մեր տեղական շուկայում հանդիսատեսին գրագետ, որակյալ կինոարտադրանք տալու համար»:
Հ. Գալստյանն ասաց, որ կինոշուկայում հայկական տաղավարի գործունեության նպատակը կինոինդուստրիայի պրոֆեսիոնալներին հայկական կինոյում սկսված բարեփոխումները ներկայացնելն է. «Մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանում պետք է ձևավորվի Կինոյի հանձնակատարի ինստիտուտ: Միջազգային պրակտիկայում այդ կառույցը կամուրջի դեր է կատարում տեղական արտադրողի և համաշխարհային կինոինդուստրիայի միջև, նաև համակարգում է միջազգային կինոխմբերի աշխատանքը Հայաստանում: Սա հենց այն է, ինչի կարիքը մենք ունենք և ինչի հետ հույսեր ենք կապում:
Մենք տաղավարում ներկայացնելու ենք մրցույթով ընտրված նախագծերը, նաև հրավիրել ենք մրցույթին չմասնակցած կամ չհաղթած նախագծերի հեղինակներին, եթե նրանք Կաննում են: Նախագծերից բացի կներկայացվի Հայաստանը, որպես հինավուրց, բայց կինոինդուստրիայի համար նոր բացահայտումների պոտենցիալ ունեցող երկիր: Կկազմակերպվի հայկական ընդունելության օր: Ինչպես ընդունված է Կաննում, մենք կունենանք երեկոյան համեստ հյուրասիրություններ՝ տաղավարի հյուրերի համար»:
Հարցին, թե անձամբ ի՞նչ եք ներկայացնելու Կաննի կինոշուկայում, ռեժիսորն ասաց. «Ես այս տարի Կաննում նախագծերի շնորհանդեսներ չունեմ: Բայց պլանավորել եմ հանդիպումներ Կաննում գտնվող գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության երեք նախագծերը՝ «ՍԻՆԵՄԱ» կենտրոնի «ԷՔՇՆ ֆիլմ լաբի» 2016-17 ուսումնական տարվա ծրագրով զարգացված 10 կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ներկայանում են մեկ՝ «Թարմ և Սադրիչ» նոր հայկական կինո» կարգախոսով, Մարինե Զաքարյանի «Տատիկիս Վարսերը» կինոնախագիծը, որն արտադրվում է Բուլղարիայի և Գերմանիայի գործընկերների հետ, և իմ «Մետամորֆոզ» ֆիլմը, որն արտադրվում է ֆրանսիական և բուլղարական համաարտադրողների մասնակցությամբ։ Մեր հիմնական նպատակը բոլոր նախագծերի համար մեկ ընդհանուր դիստրիբյուտորական ընկերություն գտնելն է: Կինոինդուստրիայում աշխատելու իմ փորձը ցույց է տալիս, որ անիմաստ է սկսել ֆիլմերի նկարահանումները՝ չունենալով դրանց վաճառքի հստակ ռազմավարություն: Քիչ արդյունավետ է արդեն նկարահանած ֆիլմը տանել Կանն և հուսալ, որ այնտեղ դիստրիբյուտոր կգտնվի: Այդ մասին պետք է մտածել արտադրության ամենավաղ շրջանում, որպեսզի ֆիլմերը հասնեն հնարավորինս լայն հանդիսատեսի և իրենց վրա ծախսված միջոցները վերադարձնեն»։
Կաննի կինոշուկայի մասին
Կաննի կինոշուկային կարող է մասնակցել կինոինդուստրիայի ցանկացած մասնակից, դրա համար անհրաժեշտ է գրանցվել Կինոշուկայի կայքում, մասնակցության վճար փոխանցել և հավատարմագրում ստանալ։ Դա կարելի է անել նաև հենց Կաննում։ Փառատոնի ակրեդիտացիան հնարավորություն է տալիս մուտք գործել կինոշուկայի տարածք, որտեղ ներկայացված են ընկերություններ, արտադրողներ, ֆիլմերի վաճառքի և տարածման գործակալներ, նաև ֆիլմեր դիտել շենքի ներսում գտնվող կինոսրահներում: Այս տարի կինոշուկայի գրանցված մասնակիցների թիվը գերազանցել է 11000, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Կաննի կինոշուկան համաշխարհային կինոինդուստրիայի ամենակարևոր իրադարձություններից մեկն է։
Նշենք, որ Կանն 70-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը:
Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գալստյանը: