Երևանում առաջին անգամ անցկացվեց գլխի և պարանոցի հիվանդություններին նվիրված գիտաժողով
Երևանում այսօր մեկնարկեց «Գլխի և պարանոցի օրգանների հիվանդություններ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիան՝ Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ:
Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջատար մասնագետներ, քննարկեցին գլխի և պարանոցի, աչքի հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև իրենց գիտական և պրակտիկ գործունեության փորձով կիսվեցին գործընկերների հետ:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ նման գիտաժողովների անցկացումը նպաստում է բժշկական հասարակության միավորմանը, ինչը անհրաժեշտ է միացյալ ստանդարտներով աշխատելու համար: «Այսինքն՝ մենք պետք է մտածենք մի ուղղությամբ, ոլորտի զարգացումն էլ տեսնենք նույն ուղղությամբ»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանը նշեց, որ Հայաստանում ակնաբուժությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, Հայաստանում կան մեծ թվով երիտասարդ բժիշկներ, որոնք վերապատրաստվել են արտասահմանում, տիրապետում են բուժական ու վիրաբուժական նոր մեթոդներին:
Նրա խոսքերով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, առավել տարածված է կատարակտը, ուռուցքները: Արտաշես Զիլֆյանը նշեց, որ աչքի բոլոր հիվանդություններն այսօր հաջողությամբ բուժում են Հայաստանում, սակայն շատ կարևոր է նաև մասնագետների միջև փորձի փոխանակումը: «Ուստի նման գիտաժողովների անցկացումը մեզ համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանց արդյունքում հայ բժիշկները հնարավորություն են ունենում համագործակցել արտերկրի իրենց գործընկերների հետ, բացի այդ, դրանք մեծ նշանակություն ունեն մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից»,- ասաց նա:
Արտաշես Զիլֆյանը հույս հայտնեց, որ առաջին անգամ անցկացվող գիտաժողովը կդառնա ամենամյա: