«Ծաղիկներ Երևանին»՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնից
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց «Ծաղիկներ Երևանին» խորագրով ցուցահանդես ժամանակակից քսան նկարիչների մասնակցությամբ՝ յուրաքանչյուրից 2-4 աշխատանք:
«Այս ցուցահանդեսը մեր մշակութային կենտրոնի յուրօրինակ նվիրումն է մայրաքաղաք Երևանին: Շատ օրիգինալ վերաբերմունք է մեր մայրաքաղաքի հանդեպ»,- Panorama.am-ին ասաց «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:
Նրա խոսքով, իրենց խնդիրն է արվեստով շենացնել Երևանը, արվեստով պահպանել մայրաքաղաք Երևանը:
«Ես զգում եմ ամեն մի կտավում ներկայացված ծաղկի հոտը, կարծես շատ տարօրինակ ծաղկային կերպարվեստի շրջափակման մեջ եմ հայտնվել»,- ասաց Ռ. Շառոյանը՝ բոլոր ներկաներին հրավիրելով դիտելու ցուցահանդեսը:
Նկարչուհի Դոնարա Մխիկյանը ցուցահանդեսում երեք աշխատանք է ներկայացրել: Նրա խոսքով, նատյուրմորտներ ստեղծելիս ավելի հանգիստ է լինում, ի տարբերություն կոմպոզիցիոն աշխատանքների:
«Ընդհանրապես, սիրում եմ ջազի երաժշտության տակ նկարել, որովհետև արագություն եմ սիրում: Երևի նկարներումս այդ արագությունն արտահայտված է»,- ասաց նկարչուհին:
Նա չունի արվեստանոց, ստեղծագործում է տանը. «Տարածքի խնդիր ունեմ: Մեծ չափերի մեջ չեմ կարողանում նկարել, որովհետև տեղ չունեմ, թեև սիրում եմ մեծ չափերի գործեր անել»:
Նկարչուհի Լիլիթ Տոնականյանն ապրում է Արթիկում: Ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան: Ցուցահանդեսում ներկայացված է Լիլիթի 4 աշխատանք:
«Սիրում եմ վառ, մաքուր, պայծառ գույներով նկարել, որպեսզի մարդկանց լավ տրամադրություն հաղորդեմ: Մարդիկ որ տեսնում եմ իմ աշխատանքներն, անմիջապես ճանաչում են, ասում են՝ Լիլիթի գույներն են: Հաճելի է, որ ճանաչում են: Ուզում եմ իմ վառ գույներով շեղեմ մարդկանց առօրյա կյանքից, մտնեն արվեստի աշխարհ»,- ասաց երիտասարդ նկարչուհին:
Լիլիթն արդեն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Արթիկում, Գյումրիում, առաջիկայում հնարավոր է Դիլիջանում, նաև Երևանում: