Վնասվածքը խանգարեց Արթուր Ալեքսանյանին. մարզիչ
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչև վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշել էին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչև աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Արթուրն այսօր կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին:
«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի և Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:
Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաև հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը և հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին:
Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասել է Գևորգ Ալեքսանյանը:
Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանություն:
«Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշել է օլիմպիական չեմպիոնի հայրը:
Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել 98 կգ քաշային կարգում։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է