Երևանում լռության օր է
Այսօր Երևանում լռության օր է: Վաղը երևանցիներն ընտրելու են նոր ավագանի: Քվեարկության նախորդող օրը լռության օր է: Օրենքով արգելվում է այսօր քարոզչություն իրականացնել:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի։
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված բոլոր 474 տեղամաս: Ընտրությունների ընթացքին հետևելու է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5 138 դիտորդ:
Նշենք, որ Երևանի, ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։
Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան