Կենաց-մահու պայքարում հաղթած Հովհաննես Պողոսյանը պատրաստվում է նոր վիրահատության
Մեկ տարի առաջ այս օրը Արցախում ծանր վիրավորվեց ժամկետային զինծառայող Հովհաննես Պողոսյանը: Թեև բժիշկներն ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց Հովհաննեսը կենաց-մահու պայքարում հաղթեց:
Ծառայում էր Թալիշում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ 1 տարի ու 4 ամսվա ծառայող էր: Հովհաննեսն ապրիլի 4-ին ազդրի շրջանում բեկորային վիրավորում է ստանում, սակայն որոշում է մնալ դիրքերում: Ինքնուրույն մշակում է վերքը, վիրակապում: Միայն ապրիլի 9-ին է դիմում բժիշկներին և տեղափոխվում Մարտակերտի հոսպիտալ: Հետո նորից վերադառնում է դիրքեր, բայց օրեր անց՝ մայիսի 13-ին ստանում է գլխուղեղի հրազենային ծանր վիրավորում: Հովհաննեսին մարտական դիրքից տեղափոխում են Մարտակերտ, բարդ վիրահատության ենթարկում, հետո տեղափոխում են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան: 28 օր մնացել է կոմայում:
Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը հիշում է, թե ինչ դժվարությունների միջով անցան:
«Հովհաննեսս 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել ենք հիվանդասենյակ, 105 օր մնացել ենք հոսպիտալում: Այնքան ուժեղ էր, որ իր ոտքով, քայլելով դուրս եկավ հոսպիտալից»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է տիկին Գայանեն:
«2016 թվականի մայիսի 13-ն ինձ համար չարաբաստիկ օր էր: Երեկոյան իմացա Հովհաննեսի վիրավորվելու մասին: Արցախում բժիշկները պայքարում էին որդուս կյանքի համար, թեև ապրելու հույս չկար, բայց Աստծո ձեռքը տղայիս գլխին էր, երեխաս ապրեց: Արդեն մեկ տարի մենք պայքարում ենք Հովհաննեսի առողջության վերականգնման համար: Միայն տղաս ոտքի կանգնի, ուզում եմ իրեն տեսնել այնպես, ինչպես կար մեկ տարի առաջ»,- նշում է տիկին Գայանեն:
Հետո հիշում է մեկ տարվա իրենց համառ աշխատանքը, անցած ճանապարհը. «Մենք դժվար ու բարդ ճանապարհ անցանք ու դեռ անցնում ենք»:
Բայց միաժամանակ հավելում է, որ եթե Հովհաննեսը ցանկություն չունենար պայքարելու, ապա այս արդյունքն այսօր չէր ունենա: «Չի հուսահատվում, պայքարում է, ամեն օր մի նոր հաղթանակ ենք ունենում»,- ասում է Գայանե Ասատրյանը:
Հովհաննեսը երկարատև վերականգնողական բուժումներից հետո սկսել է առանց հենակների քայլել, խոսքը նույնպես բացվել է, բայց աջ ձեռքը համարյա անշարժ է, չի կարողանում աշխատեցնել: Հիշողությունն էլ դանդաղ, բայց կամաց-կամաց վերականգնվում է: Տիկին Գայանեի խոսքերով՝ միայն վերջին 3-4 տարիները չի հիշում, երբեմն ծառայության տարիներից է որոշ դրվագներ հիշում:
Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է տարել, առջևում ևս մեկն էլ կա, պրոթեզավորման բարդ վիրահատություն:
Արդեն համապատասխան ստուգումներն անցնել է, սպասում են վիրահատության օրը նշանակեն: Վիրահատությունը, ըստ տիկին Գայանեի, կիրականացվի Պաշտպանության նախարարության աջակցությամբ:
«Ես միշտ ուժեղ եմ եղել, բայց հիմա կարծես թե գերբնական ուժ լինի իմ մեջ: Հավատում եմ, որ այս մի փորձությունն էլ կհաղթահարենք ու Հովհաննեսս ոտքի կկանգնի»,- ասում է տիկին Գայանեն:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշում վիրավորված Հովհաննեսը չորրորդ անգամ կվիրահատվի
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Հովհաննես Պողոսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան