Այնպես չէ, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, բայց տաշտակն ամեն դեպքում ճաքել է. պանրագործների միության նախագահ
Կաթի արտադրությունը Հայաստանում բարեփոխումների կարիք ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ խոսելով պանրագործության ոլորտի զարգացման հեռանկարներից:
«Ավելի քան 10 տարի անիվը տեղից չի շարժվում, մենք չենք կարող խոսել պանրագործության ոլորտի հեռանկարների մասին, քանի դեռ ունենք խնդիր՝ կապված հումքի հետ: Այնպես չէ, որ Հայաստանում բացարձակապես հումք չկա և կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, բայց տաշտակն ամեն դեպքում ճաքել է, մենք ունենք ոլորտը զարգացնելու, կարգավորելու խնդիր»,- նշեց Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ կաթի արտադրությունում ամեն ինչ` սկսած անասունի կերակրումից, արոտավայրերից, բարձիթողի վիճակում է եղել, արդյունքում, ըստ նրա, կովի տարեկան կաթնատվությունը 2000 կգ-ի չի հասնում:
Արմեն Գիգոյանը նշեց նաև, որ պաշտոնական տվյալներով հանրապետությունում գրանցված է 168 հազար ֆերմեր, ինչը միության նախագահը համարում է «աբսուրդ»: «Ամբողջ Եվրոպայում երևի այդքան ֆերմեր չի լինի: Մեզ մոտ անասնապահ գյուղացուն համարում են ֆերմեր, ինչը սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է և օրակարգային ֆերմերային տնտեսությունների ինստիտուտի ձևավորումը, որի շնորհիվ հնարավոր կլինի արտադրել մաքուր և որակյալ կաթ:
Պանրագործների միության նախագահը կարծում է, որ եթե ունենանք բարձր որակի կաթ, ապա կկարողանան ոչ միայն ավելացնել արտադրության, այլև արտահանման ծավալները:
Արմեն Գիգոյանը նշեց նաև, որ արտահանումների դինամիկան աճել է, սակայն պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի հայկական պանիրը հիմնականում արտահանվի ոչ միայն Ռուսաստան, այլև եվրոպական երկրներ, ԱՄՆ:
Նրա խոսքերով՝ գյուղատնտեսության նախարարության և արտադրողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում խնդիրները կարող են լուծել, պարզապես դրա համար հարկավոր է կամք և ժամանակ: «Ֆունդամենտալ խնդիրներ են, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- ասաց Արմեն Գիգոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պանրի արտադրության ու արտահանման աճին զուգահեռ ոլորտում առկա խնդիրները չեն նվազում
- Առաջին եռամսյակում պանրի արտադրությունն աճել է, թթվասերինը, կաթնաշոռինը՝ նվազել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին