Պանրի արտադրության ու արտահանման աճին զուգահեռ ոլորտում առկա խնդիրները չեն նվազում
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պանրի արտադրության ծավալները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ 2016 թվականին արտադրության ծավալները կազմել են 22,3 հազար տոննա, ինչը 2015 թ-ի համեմատ աճել է շուրջ 20%-ով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն վերջին տարիներին տարեկան կազմում է 1100-1200 տոննա, արտահանումը՝ շուրջ 1500 տոննա, սակայն նախորդ տարի, ըստ Գևորգ Ղազարյանի, արտահանման ծավալներն ավելացել են՝ հասնելով 5600 տոննայի:
Վարչության պետը նշեց, որ Խորհրդային Միությունում «Շվեյցարական» ու «Ռոկֆոր» պանրատեսակների մոտ 70 տոկոսն արտադրվում էր Հայաստանում։ Այսօր ևս, ըստ նրա, քայլեր են ձեռնարկում, որպեսզի ավելացնեն արդյունաբերության ծավալները:
Գևորգ Ղազարյանն ասաց, որ Հայաստանում գործում է պանրի արտադրության ավելի քան 60 ձեռնարկություն: Ոլորտում ներգրավված են ինչպես խոշոր ու միջին տնտեսավարողներ, այնպես էլ փոքր արտադրամասեր կամ ընտանեկան ֆերմաներ՝ առավելապես զարգացած անասնապահությամբ տարածաշրջաններում։ Հիմնական պանրատեսակների՝ «Չանախ», «Լոռի», մշակությամբ զբաղվում են գրեթե բոլոր գործող արտադրությունները, իսկ առանձին տեսակների արտադրությամբ՝ որոշ պանրագործարաններ։
Գևորգ Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին պանրի արտադրության ոլորտում կատարվել են լուրջ բարեփոխումներ, ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ այսօր հանրապետությունում ավանդական պանրից բացի արտադրվում են այլ տեսակի պանիրներ:
Վարչության պետի խոսքերով՝ կաթնամթերքի և պանրի արտադրության ոլորտները, ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի բարելավման և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում մշակել ոլորտի զարգացման առանձին գործողությունների ծրագրի և միջոցառումների ռազմավարություն, ինչի իրականացումը կնպաստի ոլորտի կայուն զարգացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը։
Խոսելով խնդիրներից՝ Գևորգ Ղազարյանը նշեց, որ բարձրորակ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է ոչ միայն անվտանգ ու բարձրորակ կաթի, այլև ներդրված նորագույն, ժամանակակից տեխնոլոգիաների և սննդամթերքի անվտանգության համակարգեր: Մինչդեռ, ըստ նրա, այսօր քիչ ընկերություններ ունեն այդ անվտանգության համակարգերը:
Ոլորտի ձեռնարկություններին բնորոշ են նաև հետևյալ խնդիրները՝ ներդրումների, վերազինման և շուկայավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղություն, իրացման հնարավոր շուկաների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության անհասանելիություն և գործարար կապերի լայն շրջանակի բացակայություն, կաթի մթերման սառնարանային տարողությունների ցանցի անբավարարություն և այլն։
Վարչության պետն անդրադարձավ նաև մասնագետների խնդրին՝ նշելով, որ ոլորտում կա մասնագետների պակաս և այս խնդիրն այսօր արդիական է:
Գևորգ Ղազարյանը նշեց նաև՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ պանրագործները հաճախ չեն նախաձեռնում ներդրումային ծրագրեր, քանի որ արտադրության և արտահանման փոքր ծավալների պարագայում ստացված շահույթը հնարավորություն չի տալիս ապահովելու ներդրված ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում փոխհատուցելու խնդիրը։
Խնդիրները, ըստ նրա, պայմանավորված են նաև կովերի ցածր կաթնատվության մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան