Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 17 հնագույն մումիա
Եգիպտացի հնագետները հայտնաբերվել են 17 լավ պահպանված մումիա Կահիրեից 250 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մինյա շրջանի կատակոմբներում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ հնագույն թաղումը գտնվել է ութ մետր խորության վրա: Գերեզմանոցում գտնվել են կրաքարից և կավից պատրաստված սարկոֆագ, կենդանիների մնացորդներով դագաղներ և պապիրուսներ՝ հին եգիպտական գրով:
Մումիաների հստակ տարիքը դեռևս հստակեցված չէ: Ենթադրվում է, որ թվագրվում է Եգիպտոսի հունա-հռոմեական շրջանով: Այդ ժամանակաշրջանը ձգվել է շուրջ 600 տարի՝ երկիրը մ.թ.ա. 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավելուց հետո:
Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ նոր բացահայտումը կնպաստի երկրի զբոսաշրջային իմիջի բարձրացմանը և զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն կառաջացնի, ովքեր խուսափում են այցելել Եգիպտոս 2011 թվականի ապստամբությունից հետո:
«2017 թվականը պատմական է հնագիտական բացահայտումների առումով: Կարծես ուղերձ է մեր նախնիներից, ովքեր մեզ ձեռք են մեկնում, որպեսզի զբոսաշրջիկները վերադառնան»,- ասել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարը:
Կահիրեի համալսարանի հնագետները, ովքեր զբաղվում են պեղումներով, կարծում են, որ հայտնաբերված գերեզմանոցում կարող է գտնվել ոչ թե 17, այլ նվազագույնը 32 մումիա, որտեղ զմռսվել են նաև կանանց, երեխաների, նորածինների մնացորդներ: