Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր
Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավար Մարինա Շատվորյան-Պառավյանը և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովը:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։
Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։
Նրանք համոզմունք են հայտնել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։