Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում բացվելու է Փարավոն Միրզոյանի աշխատանքների ցուցահանդեսը
Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում մայիսի 19-ին բացվելու է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայ ամենաինքնատիպ նկարիչներից մեկի՝ Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» խորագիրը կրող մենագրական ցուցահանդեսը:
Հայաստանի Ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսը ներկայացնում է 1980-ականներից ցայսօր՝ Միրզոյանի ստեղծագործության մի ամբողջ շրջափուլ՝ ընդգրկելով 50-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք: Էքսպոզիցիան առանձնանում է բազմաժանրությամբ և թեմատիկ ու տեխնիկական լայն ընդգրկմամբ. բուսական, առարկայական թեմատիկ նատյուրմորտներ, բնանկարներ, կանանց առինքնող պատկերումներ…
Նկարչի արվեստում կինն ամենուր է՝ այգում, արվեստանոցում, հարդարվելիս, հանգստանալիս, երազող, մտածող, և միշտ անմիջական ու բնական զգացմունքային: Գծի և գույնի, գրաֆիկականի և գեղանկարչականի զուգակցումն ու ներդաշնակումը հատկապես վառ են արտացոլվում կատարման նոր հնարներով ու հարստությամբ առանձնացող պաստելային յուրատիպ ապշեցուցիչ թերթերում:
Ցուցադրությունն ուղեկցվում է նկարչի ստեղծագործությունների ծավալուն ալբոմով, որն ընդգրկում է ներածական հոդված, կատալոգային մաս, ինչպես նաև 54 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների վերատպություն:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը: