Իտալացի ճարտարապետը ներկայացրել է Գառնիի «Բաղնիքի» ծածկի կառուցման իր նախագիծը
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության անտիկ դարաշրջանի բաղնիքի և հատակի խճանկարի վերականգմանն առնչվող հարցերն են քննարկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և իտալացի ճարտարապետ, Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Լուչիո Սպեկան:
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, վերջինս ներկայացրել է «Բաղնիք» հուշարձանի ծածկի կառուցման իր նախագիծն՝ ասելով, որ բազմիցս եղել է «Գառնի» պատմամշակութային ագելոց-թանգարանի տարածքում և մինչ նախագծային աշխատանքներն սկսելը մանրամասն ուսումնասիրել է հնավայրի, պեղումների պատմությունը, տեղանքը, նաև անվանի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` «Գառնիի» մասին աշխատությունները, գծանկարներ և այլ կարևոր փաստաթղթեր:
Չնայած «Բաղնիք» հուշարձանն ունի ծածկ, սակայն նախատեսվող նոր ծածկի հետ մեկտեղ նախատեսվում է տեղադրել դրենաժային համակարգ, որով կլուծվի ամենակարևորը՝ պատի խոնավության հարցը, կկանխվի անձրևաջրերի ներթափանցումը: Լուչիո Սպեկայի խոսքով, հնարավոր է տեղադրել փայտյա կամ մետաղական ծածկ, բայց, նա նշել է, որ մետաղական ծածկն առավել հուսալի ու երկար ժամանակով կարող է ծառայել:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեին հետաքրքրող այն հարցին, թե Հայաստանի բնակլիմայական պայմանների նման էլ որ տարածաշրջաններում է իրականացրել նման նախագծեր, Լ.Սպեկան պատասխանել է, որ հեղինակած նախագծերը ունեն բավականին լայն աշխարհագրություն և նշանակալի քանակ:
Իտալացի մասնագետը խոսել է նաև բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ դրանով զբաղվում են իտալացի այլ մասնագետներ:
Բաղնիքի հատակի խճանկարի պահպանության համար էլ համապատասխան պայմանների ապահովում է անհարժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հնարավոր վատթարացումը: Այս հուշարձանի վերականգնումը ճարտարապետն առաջնային է համարել: Նա միաժամանակ ասել է, որ «Բաղնիքի» ծածկի նախագիծը որոշակի շտկումների ու վերջնական տեսքի բերելու կարիք ունի և առաջիկա ամսում նախագծի փաթեթն ամփոփ կտրամադրի ՊՈԱԿ-ի տնօրենությանը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան