Էդուարդ Շարմազանով. Ընտրությունների նախնական արդյունքները շատ տպավորիչ են
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ կենտրոնական շտաբի անունից դրական գնահատեց Երևանի ավագանու ընտրությունները:
«Ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով»,- նշեց նա:
Նախ անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, շտաբի պետը նշեց, որ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզչությունը շտաբը դրական է գնահատել: Ապա անդրադառնալով ընտրություններին, մասնավորապես ահազանգերին ու հաղորդումներին, նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ դրանք նշանակալի պակասել են:
«Եղել է 49 հաղորդում: Եթե մենք համեմատում ենք այդ բողոքները 2013թ.-ի ընտրությունների հետ, ապա պետք է նշենք, որ այդ հաղորդումները պակասել են»,- նշեց նա:
«Ընտրությունների նախնական արդյունքները շատ տպավորիչ են, գոհացնում են, բայց նաև կանխատեսելի են: Որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է ընտրական գործընթացներում և մենք ակնկալում էինք, մեր երևանցիների վստահության շուրջ 70%-ը»,- հայտարարեց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ չնայած արդյունքների ոչ ամբողջական ամփոփմանը, կարելի է արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական:
«Այս ընտրություններում նախնական տվյալներով համոզիչ հաջողություն է արձանագրում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ՀՀԿ թիմը»,- հայտարարեց Շարմազանովը:
ՀՀԿ Շտաբի պետը՝ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնց այս ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից քաղաքական ուժերին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկու օպոնենտներին՝ և «Երկիր ծիրանիին» դեբյուտի հետ կապված, և «Ելք»-ին: Հուսով եմ որ ապագա ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ արդյունավետ կաշխատի հանուն Երևանի»,- նշեց նա և ամփոփելով խոսքը շնորհակալություն հայտնեց նաև լրագրողներին օպերատիվ աշխատելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան