Կցանկանայի Երևանը տեսնել ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով. վարչապետ
«Կցանկանայի Երևանը տեսնել ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջներին»,- այս մասին այսօր թիվ 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանն այն քաղաքապետն է, որին կցանկանար որպես քաղաքի ղեկավար տեսնել, վարչապետը պատասխանեց. «Այո»:
Դիտարկմանը, թե կան ավելի լավ թեկնածուներ, որոնց կցանկանար տեսնել քաղաքապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը նշեց, որ չկան:
Հարցին, թե հուսահատության գազելներից, ի վերջո, պրծում կա՞, վարչապետը պատասխանեց. «Ընտրություններով չեն պրծնելու, կառավարմամբ ենք պրծնելու, ավելի խելոք համակարգ դնելով, ներդրումների դաշտը բարելավելով»:
Դիտարկմանը, թե արդեն 6 տարի է, ինչ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, բայց այդ գազելները ոչ միայն չեն փոխվում, այլ վիճակն ավելի է վատանում, Կարեն Կարապետյանը նշեց. «Տրանսպորտի վիճակը ես համարում եմ շատ վատ և ոչ հարմար ձև մարդկանց տեղափոխման համար: Վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է»:
Պատասխանելով հարցին, թե այս տարիներին չկարողացավ հարցին լուծում տալ, հիմա քանի՞ տարի է պետք, որպեսզի տրանսպորտի խնդիրը լուծվի, Կարեն Կարապետյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց հերթը հասնում է, բազմաթիվ խնդիրներ կան, որ կարող են 4 տարի չլուծվել:
«Բայց դա չի նշանակում, որ 5-րդ տարում չի լուծվելու: Դուք ասում եք բոլոր խնդիրները մեկ տարվա մեջ հնարավո՞ր է լուծել, ես չեմ պնդում, որ 6 տարվա մեջ ամեն ինչ արվել է, բայց խնդիրներ կան, որոնց հերթը հասնելու է, մենք ֆինանսական սահմանափակ կարողություններ ունենք, ելնելով դրանցից՝ խնդիրների որոշակի հերթականություն է դրվում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետը տեղյակ է «Ելք» դաշինքի հրապարկումներին, որ ընտրակաշառք է բաժանվում:
«Չեմ տեսել, բայց լսել եմ: Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Ի վերջո, մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք, իրավապահներն ինչ կասեն»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե վարչապետն օրեր առաջ հայտարարել էր, որ կցանկանար 2018թ-ից հետո էլ մնալ վարչապետ, դա արդյոք իր ցանկությունն է, թե ՀՀ նախագահի և ՀՀԿ-ի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, պատասխանեց. «Հարազատներ ջան, կարելի՞ է ամեն օր այդ հարցի մասին գրել: 2018թ-ին կտեսնեք»: