Ուշի-ուշով հետևում և ուսումնասիրության առարկա ենք դարձնում խախտումների մասին ցանկացած հաղորդագրություն. ԿԸՀ նախագահ
Ցանկացած ահազանգ, հրապարակում մանրակրկիտ ուսումնասիրության, վերլուծության առարկա է դառնում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ամեն ինչին էլ տեղյակ ենք: Թե տարածքային ընտրական հանձնաժողովները, թե տեղամասային ընտրական հանձնաժողովները, թե ԿԸՀ-ն ուշի-ուշով հետևում են և ուսումնասիրության առարկա են դարձնում ցանկացած հաղորդագրություն, որը զետեղվում է լրատվական կայքերում, հրապարակվում տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդեն ընտրախախտումների, միջադեպերի մասին հրապարակումներ, հայտարարություններ են հնչում:
Տ. Մուկուչյանը նշեց, որ ամեն մի ինֆորմացիա ճշգրտվում է, ճշտում են հենց տեղամասերից:
«Մի քանի նման հրապարակումների հետ կապված անգամ ես ինքս եմ առիթ ունեցել խոսել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների հետ: Պետք է նկատել, որ անգամ այս պարագայում կան հանգամանքներ, որոնք ներկայացվում են, որոնց մի մասին շատ մեծ վերապահումով անգամ կարելի է փորձել խախտում որակել: Կան հանգամանքներ, որոնք ստուգվում են հանձնաժողովների հետ: Կան տեղամասեր, որոնց համարները սխալ են նշվում հենց այդ հաղորդագրություններում, մենք ինքներս ենք փորձում ճշտել»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է ահազանգերին, որ տեսանկարահանող սարքերի ուղիղ հեռարձակման խափանման դեպքեր են արձանագրվել, Տ. Մուկուչյանը նշեց. «474 տեղամասային կենտրոնում տեղի է ունենում ուղիղ հեռարձակում, տվյալ պարագայում, իհարկե, կարող են լինել նաև խափանման առանձին դեպքեր: Դա շատ բնական է: Եղել են առանձին դեպքեր, շատ կարճատև են եղել խափանումները: Ցանկացած նման դեպքի պարագայում մասնագետների համապատասխան խումբն աշխատում է, պատճառներն ամենատարբեր կարող են լինել, անգամ հոսանքի տատանումը, թարթումը: Արագ արձագանքում են այդ ամենին: Տեսախցիկներով հեռարձակումը նույնիսկ լրացուցիչ գործիք է, որ կիրառվեց ԿԸՀ-ի կողմից այս ընտրությունների ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
- 4/32 ընտրատեղամասում քաղաքացու ուղղորդում չի եղել. Մանվել Պապոյան
- Տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են. Տ.Մուկուչյան
- Սմբատյանը հիշեցնում է ընտրատեղամասերի ուղիղ հեռարձակման մասին
- Փոստանջյան. Մի քանի տեղամասերից հեռարձակումը չի գործում