«Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ Ավանում գտնվող շտաբներից մեկում լարված իրավիճակ է ստեղծվել: Այնտեղ էր գնացել Զարուհի Փոստանջյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը պնդում էր, որ դարակում թաքցնում են ցուցակներ:
Ոստիկանները խնդրեցին թեկնածուին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս գալ, որպեսզի համապատասխան գործողություններ իրականացնեն:
«Հանցագործության վերաբերյալ ահազանգ է ստացվել, դե հիմա թողեք, մենք աշխատենք»,-ասաց ոստիկաններից մեկը:
Փոստանջյանը հայտարարեց, որ չի վստահում ոստիկաններին. «Մենք այստեղից դուրս չենք գալու: Հանրապետականի բոլոր շատբներում նման դարակներ կան ու նման ցուցակներ, հիմա հատ-հատ դուք պիտի բացեք այս դարակը, ցույց տաք այդ ցուցակները: Մենք ժողովրդին պետք է ցույց տանք, թե ինչ ընտրագողությամբ է զբաղված կուսակցությունը»:
Կողմերը համաձայնության չեկան: Բանը հասավ նրան, որ ոստիկաններից մեկը սկսեց բղավել՝ «դուրս եկեք ըստեղից, բերման ենթարկեք», դրանից հետո մի քանի ոստիկան ուժով դուրս բերեցին նրան շտաբի տարածքից, փորձեցին նստացնել ոստիկանական մեքենա, չկարողացան:
Բարկացած Փոստանջյանը նրանց գողեր ու խուժաններ որակեց, ասաց՝ չեն մարսելու:
«Ընտրակեղծարարության փաստերը համատարած են: Ոստիկաններն իրենց հետ տարան դարակներում եղած թղթերը: Անուն-ազգանուններ են, ստուգում էին, թե ընտրակաշառք ստացածներից ով է եկել քվեարկելու: Աղջկաս էլ տարել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք»,-ասաց Փոստանջյանը: