Ոստիկանությունը՝ տեղաշարժած պահարանի մասին
«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը: Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:
Ավելի վաղ «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր.
««Երկիր Ծիրանի» կուսակցությունը հետևում է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 -ի դրությամբ կից ներկայացվող տեսանյութում արտացոլված ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից:
Մենք այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները: Քանի որ նաև թիվ 4 ընտրատարածքի ընտրատեղամասերում շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը, իսկ 9/46 –ում արձանագրել ենք ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի հետ կատարվող գործողություն` տեղափոխություն և պահարանի բացված դռներ»: