Շփման գծում նախօրեին եղել է որոշակի լարում. ՀՀ պաշտպանության նախարար
Արցախա-ադրբեջանական շփման գծում այս պահին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և հարաբերական անդորր է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Գիշերը հարաբերական անդորր է եղել: Երեկ ցերեկը եղել է որոշակի լարում: Մեր զինված ուժերը անմիջապես պատասխանել, արձագանքել են, լռեցրել են հակառակորդին», - նշեց Վ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ): Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: