Տարոն Մարգարյան. Եթե իրավախախտումներ կան, թող դիմեն իրավապահ մարմիններին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քվեարկության էր եկել ընտանիքի անդամների՝ մոր, կնոջ, քույրերի ու որդիների հետ: Նա ընտրեց 1/19 տեղամասում, ասաց՝ քվեարկում է հանուն Երևանի:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից տարածված նյութերին, ՀՀԿ-ական գործիչն ասաց, եթե իրավախախտումներ կան, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ասաց, նյութերը որևէ կապ չունեն իր ու նախընտրական շտաբի հետ:
«Մենք կոչ ենք արել մեր բոլոր մրցակիցներին նորմալ քարոզչություն իրականացնել, մեկս մեկի վրա ծեխ չշպրտել: Դա նրանց մոտեցումն է: Դուք տեսաք, Հանրապետական կուսակցությունը իր քարոզչությունը ոնց տարավ: Մենք գնահատում ենք քարոզչությունը շատ նորմալ, և մի քանի ժամ անց դուք կտեսնեք արդյունքները»,-ասաց Մարգարյանը:
Գործող քաղաքապետը չպատասխանեց տրանսպորտի վիճակի ու այդ ոլորտում անելիքների մասին հարցին, ասաց, դրա մասին խոսել է քարոզչության ընթացքում: Չպատասխանեց նաև իր ունեցվածքի մասին հարցին, խորհուրդ տվեց վերցնել ու ուսումնասիրել իր ներկայացրած հայտարարագիրը:
Հարցին, թե ինչու խուսափեց Փաշինյանի հետ բանավեճից, Մարգարյանն ասաց, ավելի հակված են եղել բակային հանդիպումների ընթացքում բնակչությանը ներկայացնել իրենց ծրագիրը, ինչպես նաև հաշվետու լինել կատարած աշխատանքների համար:
«Բակային շուրջ 100 հանդիպում ենք ունեցել երևանցիների հետ: Մենք չենք խուսափել, սա մեր մոտեցումն է եղել»,-ասաց քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին