Տիգրան Մուկուչյանը՝ տեղաշարժած պահարանի մասին
«Մի քիչ ազնիվ լինելու պարագայում պետք է ներկայացվեր ամբողջական պատկերը, որպեսզի պարզ լիներ ամբողջ տպավորությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի երեկ տարածած հայտարարությանը, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:
«Պահարանը, որը դուրս է բերվել տեղամասի տեսախցիկի տեսադաշտից, եղել է պահարան, որի մեջ որևէ ընտրական փաստաթուղթ չէր պահվում: Իսկ ընտրական փաստաթղթեր պարունակող պահարանը կնքված վիճակում գտնվում էր տեղամասային կենտրոնում», - ասաց նա` հավելելով, որ չհրկիզվող պահարաններում պահվում են ընտրական որոշակի փաստաթղթեր, որոնք երեկ ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, տեղավորել չհրկիզվող պահարաններում, կնքել:
«Առավոտյան բոլոր պահարանները փակված են եղել, կնքված վիճակում: Դրանում համոզված են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, այդ պահին տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձիք»,- նշեց ԿԸՀ նախագահը
Տ. Մուկուչյանի խոսքով, գիշերը՝ հայտարարությունից անմիջապես հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում է եղել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, «Երկիր Ծիրանի»-ից, «Ելք»-ից ներկայացուցիչներ։
«Մնացածը, ինչ խոսվում է՝ եղել է տեսախցիկի դաշտում, թե ոչ… Երբ ընդհանրապես խոսվում է որևէ հանգամանքի մասին ու այն որակվում որպես ընտրախախտում, չպետք է բավարարի որևէ մեկի ճաշակին՝ ընտրախախտում է, թե ոչ: Ընտրախախտում կարող է որակվել միայն այն գործողությունը, որը հակասում է Ընտրական օրենսգրքի պահանջներին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ տեղաշարժած պահարանի մասին
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին