Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
«Ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր հայտնի են դարձել դեռ երեկ երեկոյան: Խոսքը, մասնավորապես,չհրկիզվող պահարանի տեղափոխման մասին է: Թե ինչու էր ոստիկանությունը նման գործողություն իրականացնում, այդպես էլ պաշտոնական բացատրություն չտրվեց: Սա խոսում է այն մասին, որ ընտրությունները սկսվել են կեղծիքներով»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Առավոտյան մենք ընտրատեղամասերում տեսնում էինք մեծ թվով վերահսկիչների՝ նախկին պաշտոնյաների, թաղային հեղինակությունների: Նրանք բոլորը վերահսկում էին իրավիճակը և ուղղորդում մարդկանց: Համոզմունք ունեմ, որ չհրկիզվող պահարանների տեղափոխումը խոսում է քվեաթերթիիկների՝ վերջիններիս մոտ լինելու մասին»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ «Երկիր ծիրանին» իր հերթին վերահսկողություն է իրականացրել:
Անդրադառնալով Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի հայտնի միջադեպի մանրամասներին՝ Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ երբ մուտք են գործել շտաբ, մի տիկին բավական բարեհամբույր ընդունելէ իրենց, բայց երբ իմացել է՝ ով է եկողը, ինչ-որ ցուցակներ է պահել դարակում, կանչել շտաբի պետին:
«Ամեն ինչ արեցին, որպեսզի փաթեթը հանրությանը հասանելի չդառնա: Իմ սխալն այն էր, որ պետք է բացեինք դարակները և տարածեինք ցուցակները»,- ընդծեց Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ հայտնի միջադեպից հետո իր դստերը՝ Լիլիթ Դրամփյանին առևանգել են, այնուհետ հայտնի չէ՝ ում հրահանգով իջեցրել ոստիկանական մեքենայից: Այս պահին Լիլիթ Դրամփյանը հիվանդանոցում է, հետազոտություններ է անցնում: Վերջինս գլխին հրվածներ է ստացել, ձեռքերին քերծվածքներ ունի և որոշ ժամանակ կմնա հիվանդանոցում:
«Սրանք ընտրություններ չեն, Հայաստանում ընտրական իրավունքի իրացում դեռևս կյանքի չի կոչվել: ՀՀԿ-ն չցանկացավ հումանիտար ճանապարհով անցնել, մենք նահանջողը չենք, մենք աշխարհով մեկ ենք: Իրենք չօգտվեցին այդ հնարավորությունից: Այլևս չի լինելու հումանիտար ճանապարհ, լինելու են բանտեր տանող ճանապարհներ, իրենց սպասելու է դժոխքը, օր ու արև չեն ունենալու: Իմ, իմ երեխայի և մեր թիմի նկատմամբ ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ