Մոտ 2.000 անձանց մահվան տվյալները սահմանված կարգով գրանցված չեն եղել իրավասու մարմնում. ոստիկանություն
«Քաղաքացի դիտորդ»-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, որով տեղեկացնում էր, թե ընտրողների ցուցակում մահացածի անուն կա. «4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ գրանցամատյանում կգրանցեն այն ժամանակ, երբ ճշտվի՝ վերոհիշյալ անձը մահացած է, թե ոչ»:
Հրապարակման վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որով հայտնում է.
«ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց մահը սահմանված կարգով գրանցված չի եղել իրավասու մարմնում և բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը տեղեկացված չի եղել դրա մասին:
Այցելություն կատարվել է նաև Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք, որտեղից Նորայր Ավետիքի Բարսեղյանի մահվան փաստի վերաբերյալ որևէ անձի կողմից տեղեկություն չի տրամադրվել: Ն. Բարսեղյանը Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք բն.14 հասցեում հաշվառված է 1988 թ.-ից:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները այցելություն են կատարել Նորայր Բարսեղյանի հոր՝ Ավետիք Ջիվանի Բարսեղյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Ղափանցյան փ. 22/22 հասցե:
Ավետիք Բարսեղյանը տեղեկացրել է, որ իր որդին մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահվան փաստի վերաբերյալ երբևէ ՀՀ ոստիկանության տարածքային բաժին կամ անձնագրային ծառայություն չի տեղեկացրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին