Մեր տանից լավ տեղ չկա. բազմազավակ ընտանիքի երջանկության բանաձևը
Մայիսի 15-ը աշխարհը նշում է որպես Ընտանիքի միջազգային օր: Այդ օրը Հայաստանում նշվում է 2011 թվականից:
Տոնի առիթով Panorama.am-ը զրուցել է չորս զավակների մայր Անժելա Մնացականյանի հետ: Անժելան, երկու տարի առաջ Երևանում ծնված եռյակի՝ Վահեի, Վաչեի և Արամեի մայրն է:
«Թե ինձ համար ի՞նչ նշանակություն ունի ընտանիքս, բառերով չեմ կարողանա ասել: Ինձ համար կարևորն իմ ընտանիքն է, իմ երեխաները»,- ասում է Անժելան ու պատմում իր մեծ ու համերաշխ ընտանիքի մասին:
«Մեր տանը մեծից փոքր գիտի իր գործը: Մեծ տղաս՝ Արարատը առավոտյան գնում է դպրոց, իսկ երբ տուն է գալիս, դասերը սովորում է ու փորձում է ինձ օգնել՝ եղբայրների հետ խաղալ: Հոգատար եղբայր է, ամեն ինչ անում է, որ փոքրերն իրենց լավ զգան»,- նշում է Անժելան:
Սակայն երիտասարդ մայրիկի առաջին օգնականը նրա սկեսուրն է. «Տան ամբողջ հոգսը նրա վրա է, ես հազիվ հասցնում եմ երեխաներով զբաղվել»:
Ընտանիքն ունի նաև ֆինանսական դժվարություններ: Աշխատում են Անժելայի ամուսինը և սկեսուրը, ով մանկավարժ է, իսկ սկեսրայրը զբաղվում է հողագործությամբ:
«Բնականաբար, դժվարություններ կան, երեխաները մեծանում են, հոգսերն էլ՝ ավելանում, բայց միշտ գոհ ենք Աստծուց: Կարևորը հրաշք երեխաներ ունեմ, նրանց տեսնում եմ ու բոլոր հոգսերը մոռանում»,- ասում է բազմազավակ մայրիկն ու հավելում, որ նման երջանկություն բոլոր ընտանիքներին է մաղթում:
2015 թվականի փետրվարի 5-ին ծնված եռյակն արդեն պարզ խոսում է, օրվա կեսն անցկացնում իրար հետ կռվելով, իսկ մյուս կեսը՝ հաշտվելով:
«Նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ: Արդեն ամեն ինչ հասկանում են, մեկին մի շոր հագցնում ես, մյուսները սկսում են կռիվ անել, որ իրենց էլ նույն շորից հագցնեմ: Իրար հետ շատ կապված են, եթե մեկին մի կոնֆետ ես տալիս, պարտադիր կիսում է եղբայրների հետ: Ամենահոգատարը Արամեն է, ոնց որ Վաչեի ու Վահեի մայրիկը լինի»,- ժպտալով ավելացնում է Անժելան ու հավելում, որ եղբայրներն ամեն ինչով են կապված, նույնիսկ միասին են հիվանդանում:
Այս ընտանիքին ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում, բայց թշնամու գնդակի տակ ապրող ու մեր թիկունքն ամուր պահող այս մարդիկ, հայրենի հողի վրա ավելի ամուր են կառչած: Բազմազավակ մայրիկն ասում է, որ սահմանամերձ գյուղում ապրելը կրկնապատկում է դժվարությունները, բայց երբեք գյուղից հեռանալու մասին չեն մտածում: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կրակոցները շատացել են: Երեխաների համար շատ եմ անհանգստանում, բայց գյուղից դուրս գալու մասին չենք մտածում: Մեր տունը, հողը ուր թողնենք գնանք: Մեր տանից լավ տեղ չկա»,- նշում է նա:
Լուսանկարները՝ Անժելա Մնացականյանի անձնական արխիվից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա