Վեց հայ հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Սակայն մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարել են Հայաստանի առաջնությունում: Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ լավ արդյունքներ են գրանցել այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու են աշխարհի առաջնությանը.
«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը և Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:
Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին:
Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաեւ Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:
Մինչև աշխարհի առաջնությունը՝ երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն. «Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետև նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ և փորձ ձեռք կբերեն»:
Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում: