Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացել է ևս մեկով:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգևատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։
1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։