Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի ձևավորման հարցերը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքերով՝ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը կարևորվում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հետ հետադարձ կապ ապահովելու տեսանկյունից: Իսկ համակարգի ձևավորումը բխում է միասնական հավաստի տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունից:
Հանդիպմանը ներկա էին ինչպես կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և մասնագետներ, որոնք կիսել են իրենց գիտելիքները առկա միջազգային փորձի և մոդելների վերաբերյալ ՝ տալով նաև գործնական խորհուրդներ մասնակիցներին:
Հիշեցնենք, որ 2017 զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններին: