Այս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ ԱԺ. Նիկոլ Փաշինյան
Եթե «Ելք» դաշինքը նպատակահարմար գտնի և ապացուցողական նյութերի բազան էլ թույլ տա, հնարավոր է այսօր՝ մինչև 18։00-ն, մի քանի տեղամասերում վերահաշվարկի դիմումներ ներկայացվեն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված Էդնոն Մարուքյանը։
Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ դաշինքին տրված յուրաքանչյուր ձայն իրենց համար կարևոր է, և կորած ամեն ձայնի համար պատրաստ են մինչև վերջ գնալ։
«Այս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ ԱԺ, իսկ մյուսները՝ Երևանի ավագանի։ Որևէ ինքնաբացարկի մասին տեղեկություններ չունենք, չեմ կարծում նման բան լինի։ Խմբակցության ղեկավար-քարտուղարի հարցերը կքննարկվեն»,- ասաց նա։
Քաղաքապետի նախկին թեկնածուն նկատեց՝ ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ «Ելք»-ը Երևանում ունի վստահության կայուն հենարան՝ չնայած, որ հարյուր հազարավոր մարդիկ մայրաքաղաքում քվեարկել են ընտրակաշառքի դիմաց։ Նա միաժամանակ խոստացավ, որ ընտրակաշառքների վերաբերյալ ձեռք բերված նյութերը ոչ մի տեղ չեն կորելու։
«Այս հարցի շուրջ շատ սուր խոսակցություն է լինելու վարչապետի, դատախազի, ԿԸՀ նախագահի և ՀՀԿ մեծամասնության հետ։ Մենք կարողացանք պայքարել ընտրակաշառքի դեմ, սակայն չկարողացանք քաղաքացիներին համոզել քվեարկել առանց կաշառքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքական գործիչը հավելեց՝ եղել են քվեաթերթիկներ, որոնցում «Ելք»-ի դիմաց նշում կատարվել է կարմիր գրիչով։ Սա, ըստ նրա, ազդանշան է, որ մարդիկ վերցրել են կաշառքը, սակայն ընտրել են «Ելք»-ին։
«Մենք չենք պատրաստվում կանգ առնել։ Մենք նոր մեխանիզմներ ենք մշակելու, շարունակելու ենք աշխատել։ Մեր խնդիրն է ելք գտնել հուսահատության փոսից և մենք այդ ելքը կգտնենք։ Մենք արձանագրեցինք, որ Հայաստանում ունենք հազարավոր մարդկանց աջակցությունը, և չպետք է մսխենք այդ ձայները։
Հարցին՝ ո՞վ է ղեկավարելու «Ելք»-ի խմբակցությունը, ասուլիսին ներկա Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց՝ նման հարց դեռևս չի քննարկվել։
Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ԱԺ ընտրություններից հետո քաղաքական դաշտից վռնդված մի շարք ուժեր աղբ են թափել «Ելք» դաշինքի վրա՝ մարդկանց փորձելով համոզել, որ անտեղի են նրանց ձայն տվել։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն կազմվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական արձանագրությունը
- ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 474 տեղամասի նախնական արդյունքները
- Ո՞վ կդառնա Երևանի քաղաքապետ. ԿԸՀ թարմացվող տվյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին