Քանակական առումով հաղորդումները, հրապարակումները աննախադեպ քիչ էին. ԿԸՀ նախագահ
Երեք օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ մի գրավոր դիմում-բողոք չի ներկայացվել, ըստ երեկ գիշերվա տվյալների՝ ոչ էլ տարածքային ընտրական հանձնաժողովները: Երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե քվեարկության օրն ընտրակաշառքի բաժանման, ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ ստացե՞լ է ԿԸՀ-ն:
Նա նշեց, որ այսօրվանից սահմանված ժամկետով կարող են ներկայացվել դիմումներ, որոնք կարող են լինել վերահաշվարկի, քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ:
«Այս պահի դրությամբ նման դիմումներ չեն ստացվել»,- ասաց Տ. Մուկուչյանը՝ տեղեկացնելով, որ ստացվելու դեպքում Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ժամկետ, որի ընթացքում բոլոր դիմումները պետք է դառնան քննության առարկա:
Դիմումների ներկայացման ժամկետն է՝ այսօր ժամը 12:00-18:00-ն, վաղը՝ 09:00-11:00-ն՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ: ԿԸՀ նախագահն ասաց, որ մեկ օր ավելի ժամկետ է նախատեսված այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացնելու համար:
Նա նշեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացվել ընտրություններին մասնակցող սուբյեկտի կողմից մինչև ուրբաթ օրը՝ մայիսի 19-ը, ներառյալ, ժամը 18:00-ն: Տ. Մուկուչյանն ասաց, որ այդ մեկ դիմումի համար անհամեմատ ավելի երկար ժամկետ է նախատեսված:
Ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են քվեարկության 7-րդ օրը:
Ինչ վերաբերում են քվեարկության օրվա ընթացքում ԿԸՀ ստացված ահազանգերին, Տ. Մուկուչյանն ասաց, որ դրանք եղել են տարբեր բնույթի՝ խորհրդատվություն ստանալու, խախտումների վերաբերյալ:
«Փորձել ենք բոլորը դարձնել ուսումնասիրման առարկա: Կամփոփենք, կներկայացնենք»,- հավելեց նա:
Տ. Մուկուչյանը նաև ընդգծեց, որ քանակական առումով այդ հաղորդումները, հրապարակումները աննախադեպ քիչ էին:
«Բովանդակային առումով էլ եթե փորձենք գնահատական տալ երեք օրվա ստացած ահազանգերին, դրանք վերաբերում էին առանձին ինչ-ինչ դեպքերի: Արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել»,- հայտարարեց ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն դիմում-բողոքներ չի ստացել. ԿԸՀ ներկայացուցիչ
- Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են. ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան