Ծովինար Սանը ներկայացնելու է հայկական զարդանախշերով ասեղնագործած հագուստներով տիկնիկներ
Հայկական ծիսական, ավանդական տիկնիկները մշտապես դիտարկվել են ոչ միայն որպես խաղալիք, նվեր, այլ տիկնիկագործությունն առհասարակ դեռևս հին ժամանակներից Հայաստանում դիտարկվել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն ուղղություն:
Գործարանային տիկնիկերի մուտքը որոշակիորեն ազդեց Հայաստանում տիկնիկագործության վրա: Եղան մարդիկ, ովքեր շարունակեցին գործել՝ ջանալով սերունդներին փոխանցել արվեստի այս տեսակի ավանդույթները:
Հայաստանում այսօր նորից զարգանում է տիկնիկագործությունը, օրեցօր ավելանում են ձեռագործ իրերի, տիկնիկների պահանջարկը: Panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ տիկնիկագործ Ծովինար Սանթուրյանը (Ծովինար Սան), ով արդեն երկու տարի է զբաղվում է տիկնիկագործությամբ, նույնպես փաստեց, որ ձեռագործ տիկնիկներ գնողները գնալով ավելանում են:
«Հիմնականում գնորդները նրանք են, ովքեր ընկալում են իմ տիկնիկների ասելիքը, ովքեր տեսնում են իմ տիկնիկների մեջ իրենց: Պատվերներ նախկինում լինում էին հիմանականում կերպարային, սակայն արդեն շատերն են սիրում հենց այն տիկնիկներին, որոնց ես եմ հորինում»,- ասաց Ծովինարը:
Նա հատուկ մասնագիտական կրթություն չունի, հատուկ տիկնիկագործության դասերի չի հաճախել, բայց, իր իսկ խոսքով, մանկուց սիրել է կարել, գործել, նկարել:
«Դեռևս մանկական տարիներին շատ սիրում էի իմ փոքրիկ ընկերուհիներին, սիրում էի հագուստներ կարել իրենց համար, դասերս էի պատրաստում իրենց հետ, կիսվում էի իմ երազանքներով: Երբ վերջերս գործեցի իմ առաջին տիկնիկը, ուղղակի, ինքս ինձ համար, եղան շատ արձագանքներ, շատերը սիրեցին իմ տիկնիկին, և նույնիսկ եղան պատվերներ: Այդ ամենը ինձ ոգևորեց և առաջնորդեց նոր տիկնիկներ ստեղծելուն: Որոշ դետալներ սկզբում վերցրել եմ ինտերնետային կայքերից, որից հետո արդեն ինքս եմ մոդելավորել իմ տիկնիկներին և շարունակում եմ աշխատել նոր մոդելի տիկնիկներ ստեղծելու ուղղությամբ: Հիմանականում պատրաստում եմ տեքստիլային տիկնիկներ:
Մինչ այժմ չեմ պատրաստել տիկնիկներ հայկական հագուստներով, քանի որ չեմ ցանկացել նման լինեն մյուս հայկական տիկնիկներին, բայց արդեն ունեմ տիկնիկներ, որոնք շուտով կներկայացնեմ հայկական զարդանախշերով ասեղնագործած հագուստներով»,- ասաց երիտասարդ տիկնիկագործը:
Հարցին, թե ի՞նչ է տիկնիկագործությունը Հայաստանում հիմա՝ գեղեցիկ «արհեստ», հոբբի՞, թե՞ բիզնե՞ս, Ծովինար Սանն ասաց. «Ես համարում եմ, որ եթե Աստված շնորհել է այդ գեղեցիկ «արհեստը», ապա կարելի է և դրանով գումար վաստակել»:
Խոսելով տիկնիկների պատրաստման ընթացքում իր զգացողությունների մասին, նա ասաց. «Տիկնիկների պատրաստման ժամանակ ես ապրում եմ իրենց հետ, տեղափոխվում եմ իրենց աշխարհ, և, ինչպես մանկության տարիներին, սկսում եմ խոսել իրենց հետ, կրկին կիսվել իրենց հետ իմ երազանքներով: Իսկ երբ ավարտում եմ տիկնիկը, նա նայում է ինձ ու կարծես ասում, որ ես չտխրեմ, երբ նա հեռանա ինձանից, այլ ուրախ լինեմ, քանի որ նա իր բաժին բարությունն ու սերն է տանելու այնտեղ, որտեղ իրեն կսպասեն:
Ինձ համար այն իմ աշխարհն է՝ իմ երազանքների աշխարհը, այն ամենը, ինչ ես սիրում եմ, այն ամենը, ինչ ինձ ոգևորում է, ժպիտ պարգևում, ստիպում ապրել, արարել, այն ամենը, ինչ Աստված ինձ պարգևել է ինձ ընկալելու, ես կյանքի եմ կոչում տիկնիկների տեսքով: Լինի դա արև, ծաղիկ, գարուն, փաթիլ»:
Ծովինար Սանը հնարավոր է հաջորդ տարի իր աշխատանքների ցուցահանդեսը բացի. «Մեծ ցանկություն ունեմ բացելու իմ տիկնիկների ցուցահանդեսը, որտեղ կլինեն իմ ներաշխարհը որոշ չափով ներկայացնող տիկնիկներ: Եթե հասցնեմ, հնարավոր է մյուս տարի դա իրականացնեմ»:
Տիկնիկների լուսանկարները տրամարդել է Ծովինարը Սանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան